Երևան-Բաթումի երկաթուղային ուղևորափոխադրումները՝ հունիսի 14-ից

2025 թվականի հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջազգային ուղևորափոխադրումներ կսկսվեն Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ, տեղեկանում ենք ընկերության կայքից:

Նշված է, որ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի ներկայացուցիչների միջև մայիսի 20-ին կայացած հանդիպման ժամանակ։

Որ օրերին կգործի Երևան-Բաթումի երթուղին։

Գնացքը Երևանից կմեկնի ամսվա զույգ օրերին, իսկ Բաթումիից ուղևորափոխադրումներ կիրականացվեն կենտ օրերին։ Ճանապարհորդության տևողությունը կկազմի 16 ժամ։

Երևան-Բաթումի-Երևան երկաթուղային երթուղու ներդրումն ունի զբոսաշրջային ազդեցություն և ուժի մեջ կլինի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 2-ը, այդ ընթացքում Երևան-Թբիլիսի երթուղին կչեղարկվի։

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը բաղկացած է 3 տեսակի ժամանակակից վագոններից՝ նախապես ամրագրված նստատեղերով, խցիկով և քնելու տեղերով։

Տոմսերի վաճառքը կսկսվի մոտ ապագայում. դրանք հնարավոր կլինի գնել ինչպես Հայաստանի և Վրաստանի գլխավոր երկաթուղային կայարաններում, այնպես էլ առցանց։ Գները դեռ հայտնի չեն։