Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «Վրացական երազանք»-ի նոր օրինագծին, որն այլևս թույլ չի տա արտերկրում ապրող Վրաստանի քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Նա ասել է, որ յուրաքանչյուր փոքր երկրի համար սփյուռք ունենալը գանձ է, և նրանց պետք է փայփայել։
«Մենք բոլորս ունենք արտերկրում ապրող մեկին, սփյուռքի մի մասնիկ։ Մեկ միլիոնից ավելի մարդ լքել է Վրաստանը, հավանաբար` մինչև մեկուկես միլիոն։ Նրանք ոչ միայն մեր երկրի մի մասն են, այլև ռեսուրս. բոլորդ էլ գիտեք այն դրամական փոխանցումների մասին, որոնք լրացնում են բյուջեն նրանց միջոցով։
Սա մեր երկրի մի մասն է, որը հեռացել է, քանի որ պետությունը չի կարողացել ապահովել քաղաքական և տնտեսական պայմանները, որոնք թույլ կտան նրանց վերադառնալ։ Հետևաբար, պետությունը պարտավորություն ունի նրանց նկատմամբ պահպանել երկրի հետ իրենց կապերը ամեն կերպ», — ասել է Զուրաբիշվիլին։
Ըստ նրա, պետության սահմանադրության հինգերորդ հոդվածը պարտավորեցնում է պետությանը հոգ տանել արտերկրում գտնվող իր քաղաքացիների մասին։
«Ինձ համար միևնույն է, թե այդ միլիոնուկես մարդիկ ում օգտին են քվեարկում։ Այստեղ մենք խոսում ենք այն մասին, որ նրանք պետք է լինեն լիարժեք քաղաքացիներ։ Եթե դուք ունեք անձնագիր և այս երկրի քաղաքացիություն, ապա պետք է կարողանաք ընտրել։ Ընտրություններին մասնակցելը գործողություն է, որով դուք առանձնանում եք որպես երկրի քաղաքացի»։
Նշենք, որ նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է զրկել արտասահմանում ապրողներին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Այդ նպատակով կուսակցությունը վիճարկվող խորհրդարանին օրինագիծ է ներկայացրել։