Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը չի կարող հետ կանչվել. Մենաբդե

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վախուշտի Մենաբդեն, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, գրել է, որ խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը չի կարող հետ կանչվել. այն պետք է տապալվի նիստի ընթացքում:

Մենաբդեն պարզաբանում է՝ ունենք երկու օրենք (պայմանական անվանմամբ) 1. Ռուսականի նմանը, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ, 2. ԱՄՆ-ի նմանը, որը դեռ չի քննարկվել։

Ըստ Մենաբդեի՝ առաջին տարբերակը պետք է անմիջապես տանել երկրորդ ընթերցման ու տապալել (մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ չդնել քվեարկության, այլապես կարող են երկրորդ ընթերցմամբ մեկ անգամ մերժված նախագիծը վերադարձնել):

«Երկրորդ տարբերակի բոլոր նախաձեռնողները պետք է ստորագրեն նախագծի հետկանչման փաստաթուղթը։ Մեծամասնությունն իր ձեռքով պետք է տապալի օրինագիծը, և «Ժողովրդի ուժը» պետք է մերժի օրինագծերն իր իսկ ստորագրությամբ»,- գրել է Մենաբդեն:

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Իշխանությունները հետ են կանչում «օտարերկրյա գործակալների» օրինագծերը