Վրաստանի խորհրդարանում այս շաբաթ լիագումար նիստեր չեն գումարվի

Վրաստանի խորհրդարանում այս շաբաթ լիագումար նիստեր չեն գումարվի, փոխանցում է խորհրդարանը:

Նշվում է, որ խորհրդարանի տարածքում մուտքի սահմանափակ ռեժիմ է գործելու, որը կտարածվի բոլոր այցելուների, հավատարմագրված լրատվամիջոցների և խորհրդարանի անդամների վրա։

Մարտի 7-8-ը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներից մի քանիսի բռնարարքների հետևանքով վնասվել են խորհրդարանի շենքն ու ենթակառուցվածքները։

Ըստ նշված հաղորդագրության, Վրաստանի խորհրդարանի գրասենյակը թույլ կտա շենք մուտք գործել միայն գրասենյակի այն աշխատակիցներին, որոնք պետք է մասնակցեն վնասի ուսումնասիրմանը և վերականգնմանը։

«Վնասը ուսումնասիրելու, պատճառված վնասը վերականգնելու, խորհդարանի պատգամավորների և գրասենյակի աշխատակիցների առողջությունը պաշտպանելու նպատակով սույն թվականի մարտի 9-10-ը կգործեն սահմանափակումներ»,- նշված է հաղորդագրության մեջ: