Քաղակտիվիստներն այսօր կրկին հանրահավաք կանցկացնեն

Վրաստանի քաղաքացիական ակտիվիստների որոշմամբ՝ այսօր Ռուսթավելիի պողոտայում 19:00-ին կրկին հանրահավաք տեղի կունենա:

Համատեղ ճեպազրույցում Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, «Գիրչի-Ավելի շատ ազատություն»-ից Ցոտնե Կոբերիձեն նշել է, որ այսօրվա հանրահավաքում իրենք իշխող թիմից հստակություն են պահանջելու, թե ինչպես են վարվելու «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի հետ:

Քաղաքացիական ակտիվիստները պահանջում են նաև ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին։

«Այսօր անպայման հանրահավաք է լինելու: Շատ երիտասարդներ կան, որոնք չեն վստահում «Վրացական երազանքին» և կարծում են, որ մենք ենք երկրի՝ Արևմուտքի մաս դառնալու երաշխավորը։ Մենք այն մարդիկ ենք, որ պահանջում են երկու կետ կատարել: Գործընթացները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը երաշխավորված արևմտամետ կուրս չի ընդունել»,- ասել է Կոբերիձեն։

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը չի կարող հետ կանչվել. Մենաբդե