Տրանսպորտային միջոցի վնասակար արտանետումների դեպքում տուգանքի չափը կհասնի 600 լարիի

Վրաստանի խորհրդարանը հնարավոր է աջակցի օրենքի փոփոխություններին, որոնց համաձայն՝ վարորդը կտուգանվի ավտոմեքենայի արտանետումների մեջ վնասակար նյութերի սահմանված նորմը խախտելու համար։

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նիստում շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին պատգամավորներին է ներկայացրել «Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների արտանետումների մեջ վնասակար նյութերի բաղադրության սահմանված նորմերը խախտելու համար կնշանակվեն բարձր տուգանքներ, կշտկվեն օրենսգրքում առկա մի շարք թերություններ։

Փոփոխության համաձայն, այն տրանսպորտային միջոցի վարումը, որի արտանետումների մեջ վնասակար նյութերի բաղադրությունը չի համապատասխանում սահմանված նորմային, տրանսպորտային միջոցի վարորդը կտուգանվի 100 լարիի չափով։ Նույն արարքը, որը կատարվել է առաջին տուգանքից 30 օր հետո, կտուգանվի 300 լարիի չափով, իսկ նույն արարքը առաջին տուգանքից 60 օր հետո կատարելու պարագայում՝ 600 լարիի չափով։