ԵԽ-ն կոչ է արել հետաքննություն սկսել քիմիական նյութի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանը քննարկում է անցկացրել Վրաստանում խորացող ժողովրդավարական ճգնաժամի վերաբերյալ։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել անաչառ միջազգային հետաքննություն անցկացնել BBC-ի լրագրողական հետաքննության վերաբերյալ, ըստ որի` «Վրացական երազանք»-ի կառավարությունը ջրցան մեքենայով քիմիական նյութ է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ։

«BBC-ի հետաքննությունը բացահայտել է, որ 2024 թվականին բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ։

Քիմիական նյութերը լցրել են ջրցան մեքենայի մեջ։ Սա պետք է հետաքննվի և բացահայտվի։ Ես կոչ եմ անում Հանձնաժողովին և Խորհրդին անկախ միջազգային հետաքննություն սկսել։ Միայն այն փաստը, որ Վրաստանի իշխանությունները վախենում են անկախ հետաքննությունից, ցույց է տալիս, որ նրանք վախենում են ճշմարտությունից և պատժից։ Սա ցույց է տալիս, որ BBC-ի բացահայտած փաստերը, ամենայն հավանականությամբ, ճշմարիտ են», — ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) լիտվացի խորհրդարանական Ռասա Յուկնևիչենեն։

Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի անդամ Տոբիաս Կրեմերը նշել է, որ եթե հետաքննության արդյունքները ճշմարիտ են, նշանակում է` «Վրացական երազանք»-ի ռեժիմը վերջնականապես հրաժարվել է եվրոպական ընտանիքին միանալու իր նկրտումներից։