Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը 2025 թ. սեպտեմբերի 24-25-ին փաստեր հաստատող այցով կժամանի Վրաստան։
Այցի նպատակն է գնահատել քաղաքական իրավիճակի ազդեցությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Հատուկ ուշադրություն կդարձվի Վրաստանում 2025 թ. հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ընտրություններին։
Պատվիրակության կազմում են տեղական ինքնակառավարման պալատի նախագահ Բերնդ Ֆորինգերը (Գերմանիա, EPP/CCE) և Կոնգրեսի մամուլի խոսնակ Ստյուարտ Դիքսոնը (Մեծ Բրիտանիա, ILDG), որն զբաղվում է նաև տեղական և տարածաշրջանային ընտրությունների դիտարկման հարցերով։ Նրանց կուղեկցի փորձագետ, պրոֆեսոր Տանիա Գրոպին։
Պատվիրակությունը կհանդիպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալին և «Վրացական երազանք» կուսակցության տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեի առաջին տեղակալին։
Նրանք նաև կարծիքներ կփոխանակեն Կոնգրեսում Վրաստանի ազգային պատվիրակության անդամների և տեղական ինքնակառավարման ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
Պատվիրակությունը կհանդիպի նաև մեդիայի, ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Եվրոպայի խորհուրդը նշել է, որ այցը չպետք է դիտարկվի որպես լեգիտիմության կամ հանդիպման մասնակիցների տեսակետների քաղաքական աջակցություն։
Հիշեցնենք, որ Վրաստանի մասին անցկացված բանավեճերից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային մարմինները մարտի 26-ին ընդունել էին բանաձև, ըստ որի` երկրի իրադարձությունները «չեն նպաստում 2025 թվականի տեղական ընտրությունների վստահության վրա հիմնված միջավայրում անցկացմանը»։