«Զանգերի կենտրոն»-ի գործով Չինաստանի 14 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի շրջանի Դուշեթի քաղաքի հյուրանոցներից մեկում, ենթադրաբար, կազմակերպված «զանգերի կենտրոն»-ից Չինաստանի 14 քաղաքացի է ձերբակալվել, հայտնել է ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):

Ըստ ՆԳՆ-ի՝ նրանց ներկայությունը Վրաստանում անօրինական է։ Ստացված տեղեկությունների հիման վրա հետաքննություն է սկսվել օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կազմակերպված խմբի կատարած խարդախության փաստի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

«Տեղում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է տասնյակ բջջային հեռախոսներ և անձնական համակարգիչներ, որոնց միջոցով ենթադրաբար իրականացվել է անօրինական ֆինանսական գործունեություն», — ասված է ՆԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ։

Միգրացիայի վարչությունը սկսել է ձերբակալվածներին Վրաստանից վտարելու ընթացակարգերը, մինչ այդ նրանք կպահվեն Միգրացիայի վարչության ժամանակավոր տեղավորման կենտրոնում։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ «քանի որ հետաքննություն սկսելուց կարճ ժամանակ առաջ հյուրանոցում հրդեհ էր բռնկվել, որն արդեն մարվել էր ոստիկանության ժամանման պահին, հյուրանոցում գտնվող մյուս անձինք լքել են տարածքը»։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է հանցագործությանը մասնակից անձանց, նաև նրանց ղեկավարներին բացահայտելու և ձերբակալելու նպատակով։