Ավանդական խաղողօրհնեքը Թբիլիսիում

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եւ Սբ. Գեւորգ եկեղեցիները օգոստոսի 14-ին այցելուների պակաս չունեին: Ավանդաբար, օգոստոսի 15-ին ամենամոտ կիրակի օրը՝ Հայ առաքելական եկեղեցին ամբողջ աշխարհում նշում է սբ. Աստվածածնի վերափոխման տոնը, որն այլ կերպ նաեւ խաղողօրհնեք են անվանում: Բացառություն չէր նաեւ այս տարին:

Խաղողօրհնեքը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոնը սկսել են նշել դեռեւս հինգերորդ դարից: Ըստ ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո, սուրբ Մարիամը տասներկու տարի բնակվել է Երուսաղեմում: Մի օր էլ Գաբրիել հրեշտակից իմանում է իր երկինք տեղափոխվելու մասին լուրը: «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո միածին որդին»,- ասում է Գաբրիել հրեշտակը Մարիամին, ինչից հետո Մարիամ Աստվածածնի համար հատուկ պատարագ են մատուցում՝ վերջին անգամ հաղորդություն ընդունելու նպատակով:13912423_1576601369316488_4434853842138559436_n

Վերափոխման տոնին, պատարագի վերջում Հայ առաքելական եկեղեցիներում տեղի է ունենում խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում ժողովրդին:  Բոլոր պտուղներից առաջ օրհնվում է խաղողը, քանզի այն առաջին պտուղն է երկրի վրա: Ասում են նաեւ, որ օրհնվում է խաղողը, քանի որ խաղողից են պատրաստում գինին, որ Հիսուսն իր արյան հետ է համեմատել, ասելով` «Սա է նոր ուխտի իմ արյունը»: Ըստ մեկ այլ բացատրության` Հիսուսը խաղողի որթը ամենազոր ծառերից ավելի վեր բարձրացնելով եւ առավել պատվելով` ասել է` ես եմ ճշմարիտ որթատունկը, այս կերպ համեմատելով իրեն խաղողի որթի հետ:13895218_1576601325983159_1556970472089162987_n

Խաղողօրհնեքի արարողության ժամանակ ժողովուրդը սարկավագի քարոզով գոհանում է բարերար Աստծուց, իրենց հանդերի ու այգիների առատ բերքի համար և խնդրում, որպեսզի նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղները: Միաժամանակ դիմում են Աստվածածնի բարեխոսությանը:13912517_1576601195983172_2060570394927568013_n

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում տասնյակ մարդիկ էին սպասում իրենց կողմից բերված խաղողի օրհնությանը: Նախորդ օրը՝ օգոստոսի 13-ին Վիրահայոց թեմը հաղորդագրություններ էր ուղարկել եկեղեցու այցելուներին՝ շնորհավորելով տոնի կապակցությամբ եւ հրավիրելով նրանց եկեղեցի:

Ալիք մեդիան հետաքրքրվեց՝ արդյո՞ք եկեղեցի այցելող ժողովրդից բոլորն էին տեղյակ տոնի մասին: Հավատացյալները եկեղեցի էին այցելել տարբեր պատճառներով՝  խաղողը օրհնելու, աղոթելու, մոմ վառելու եւ կամ պարզապես ընկերներին հանդիպելու նպատակով:

Թողնել պատասխան