Դպրոցների ավարտական քննություններում փոփոխություններ կլինեն

Վրաստանի դպրոցների ավարտական քննություններում այս տարի որոշ փոփոխություններ են նախատեսվում: Այս մասին հայտարարել է  քննությունների և գնահատման ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին:

Վրաստանում դպրոցի ավարտական վկայական ստանալու համար աշակերտը ստիպված է հանձնել վրացերեն լեզվի, գրականության, աշխարհագրության, կենսաբանության, պատմության, ֆիզիկայի, մաթեմատիկայի և քիմիայի քննություններ:

Դպրոցական ավարտական քննությունները տեղի կունենան էլեկտրոնային տարբերակով: Նախկինում թեստն ավարտելուց անմիջապես հետո հավաքած միավորների մասին տեղեկատվությունը աշակերտի էկրանին էր հայտնվում: Այսուհետ այդ տեղեկատվությունն աշակերտների համար անհասանելի կլինի:

Միմինոշվիլիի պարզաբանմամբ, աշակերտները կիմանան միայն հաղթահարել են արդյոք անցողիկ միավոր՝ թե ոչ:

«Վերոնշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի այս տարի: Շատ շնորհակալ ենք Կրթության և գիտության նախարարությունից մեր առաջարկությունն ընդունելու համար: Այսուհետ աշակերտը քննությունն ավարտելուց հետո միայն կիմանա անցել է նվազագույն շեմը, թե ոչ»,- ասել է Միմինոշվիլին:

2017 թվականին Վրաստանի դպրոցներում ավարտական քննություններին մասնակցել է 40 հազար աշակերտ, որից 11 հազարը չի կարողացել հավաքել նվազագույն միավորը, որը թույլ կտար ունենալ ավարտական վկայական:

Փոխանցում է «www.newsgeorgia.ge»-ն:

Թողնել պատասխան