Ընթացքի մեջ է ՆԱՏՕ-ի 28-րդ գագաթաժողովը

Հուլիսի 8-ին մեկնարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի` ՆԱՏՕ-ի 28-րդ գագաթաժողովը: Սա ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին գագաթաժողովն է, որը անց է կացվում Լեհաստանում: Հավաքին են մասնակցում 588 պաշտոնական պատվիրակություններ`  դաշինքի անդամ 28 երկրներից եւ 26 գործընկեր պետություններից: Վարշավայում են նաեւ ՄԱԿ-ի, Եվրամիության, Համաշխարհային բանկի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները: Գագաթաժողովին ներկա կլինեն նաեւ 2500-ից ավելի պաշտոնական պատվիրակներ եւ զանգվածային լրատվամիջոցների 2000 ներկայացուցիչներ: Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից հրապարակված օրակարգի համաձայն`  գագաթաժողովը մեկնարկել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի եւ Լեհաստանի նախագահների ողջույնի խոսքերով: Առաջին անգամ Հյուսիսատլանտյան խորհրդի հնդիպմանը կմասնակցի Մոնտենեգրոն: Այս երկիրը Դաշինքում դեռեւս դիտորդի կարգավիճակ ունի:

Վարշավայի գագաթաժողովի շրջանակներում տեղի կունենան նաեւ տարբեր ձեւաչափերով հանդիպումներ, այդ թվում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը`  Արտաքին գործերի նախարարների մակարդակով: Գագաթաժողովի երկրորդ օրը տեղի կունենա Աֆղանստանի պատվիրակության հետ հանդիպում, որին կմասնակցի Աֆղանստանի նախագահը: Կմասնակցեն նաեւ ոչ միայն անդամ երկրներն ու միջազգային կազմակերպումյունները, այլեւ «Հաստատուն աջակցություն» առաքելության մասնակից երկրները: Գագաթաժողովը կավարտվի ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստով եւ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպմամբ: Բացի այս, հուլիսի 9-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն գործընկերներին`  Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից:

ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովում սպասվում է, որ կարեւոր որոշումներ են ընդունվելու` Դաշինքի պաշտպանության ռազմավարության հզորացման ուղղությամբ: ՆԱՏՕ-ի անդամ երկրները կհաստատեն Էստոնիայում, Լատվիայում եւ Լեհաստանում 4 միջազգային գումարտակների տեղակայման ծրագիրը, ինչպես նաեւ կքննարկեն կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր: Վարշավյան գագաթաժողովի ընթացքում որոշում կընդունվի Իրաքում ՆԱՏՕ-ի զորավարժությունների առաքելությունը շարունակելու եւ Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում Դաշինքի դերի ընդլայնման վերաբերյալ: Սրանից զատ, Վարշավյան գագաթաժողովին ՆԱՏՕ-ի անդամ պետությունները որոշում կընդունեն Աֆղանստանին ռազմական եւ ֆինանսական աջակցությունը շարունակելու եւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ քաղաքական եւ գործնական համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը կայացել է 1957 թվականին: Հատկանշական է, որ 2016-ին ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին մասնակիցներին կհյուրասիրեն վրացական գինի: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության տեղեկատվության համաձայն, գինին պատրաստվել է հատուկ Վարշավայի գագաթնաժողովին մատուցելու նպատակով: Լեհաստանի նախագահը գործընկերների հետ կայանալիք ընթրիքի ընթացքում հյուրերին հենց վրացական գինի է հյուրասիրելու: Վրացական գինիներ են նվիրվել նաեւ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի մասնակից դաշինքի բոլոր անդամ երկրների արտգործնախարարներին: Գինու վրա դրոշմված է գագաթաժողովի խորհրդանշանը:

Թողնել պատասխան