Խաջիմբան և Ասադը միմյանց պարգևատրել են

Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբան և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել են «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Նշվում է նաև, որ Ասադը շնորհավորել է Խաջիմբային՝ այսպես կոչված անկախության ճանաչման տասներորդ տարեդարձի կապակցությամբ և հայտարարել, որ ստորագրված համաձայնագիրը կարևոր քայլ կլինի Սիրիայի և Աբխազիայի միջև հարաբերությունների բարելավման հարցում:

Ռաուլ Խաջիմբան իր այցը Սիրիա պատմական իրադարձություն է անվանել: Դե ֆակտո նախագահն ասել է, որ Աբխազիայի անկախության ճանաչումը Սիրիայի կողմից համարձակ քայլ էր։

Բաշար Ասադը Ռաուլ Խաջիմբային հանձնել է Սիրիայի բարձրագույն պարգևը՝ «Ումայադի շքանշանը»: Ի պատասխան, Խաջիմբան Ասադին պարգևատրել է «Պատվո և փառքի» առաջին աստիճանի շքանշանով: