Կ. Կախիշվիլի. «Եթե դատարանը որոշի՝ մենք կպատժենք

Վրաստանում գաղտնալսված ձայնագրություններ են հրապարակվել «Georgia creative» YouTube-յան օգտատիրոջ կողմից նոր ձայնագրություններ են տարածվել Միխեիլ Սաակաշվիլիի, Գիգի Ծերեթելիի, Ակակի Մինաշվիլիի, Նուգզար Ծիկլաուրիի, Իրմա Նադիրաշվիլիի և «Միացյալ ազգային շարժման» այլ առաջնորդների մասնակցությամբ: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Սաակաշվիլին իր համախոհների հետ խոսում է խորհրդարանական ընտրություններից հետո հեղափոխություն կամ հեղաշջում իրականացնելու ծրագրերի մասին: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ վերը նշված օգտատերը տարածում է հայտնի քաղաքական գործիչների հեռախոսազրույցները: Օրեր առաջ «Creative Georgia»-ն հրապարակել էր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի և «Պետությունը ժողովրդի համար» քաղաքական դաշինքի ղեկավար Պաատա Բուրճուլաձեի հեռախոսազրույցը: Վերջինները հայտարարել էին, որ ձայնագրությունը իրենց կողմից չի տարածվել: Հրապարակված ձայնագրության տարածման փաստով Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել՝ դավադրության մեղադրանքով: «ԶԼՄ-ներում տարածված գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ, Պետական անվտանգության ծառայության հակահետախուզական վաչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է իշխանությունը տապալելու դավադրություն կամ իշխանության յուրացում» ասված է Վրաստանի ՊԱԾ-ի հայտարարության մեջ:

«Սեպտեմբերի 27-ին տարածված խոսակցության մեջ նշմարվում են Քրեական օրենսգրքի հանցանշաններ, սակայն հարկավոր է սպասել փորձաքննության պատասխանին»,֊ այս մասին հայտարարել է Պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլին՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին տարածված գաղտնալսումների հրապարակմանը: Նախարարի խոսքով, նման դեպքերում նախ անհրաժեշտ է ֆոնոսկոպիական փորձաքննություն իրականացնել։ «Որքանով ինձ է հայտնի, հետաքննող մարմինը արդեն իսկ նման փորձաքննություն է սկսել: Համապատասխանաբար, սպասենք փորձաքննության պատասխանին, որից հետո պարզ կդառնա հետագա անելիքները»,֊ հայտարարել է Կախիշվիլին: Հարցին, թե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան հնարավոր այցի դեպքում ինչ է անելու իր ղեկավարած գերատեսչությունը, Կախիշվիլին նշել է, որ Վրաստանի իր նախարարությունը պատիժներն իրականացնող մարմին է, ուստի․ «Եթե դատարանը նման որոշում ընդունի, ապա մենք այն կիրականացնենք»,- ասել է Կախիշվիլին:

Թողնել պատասխան