Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետի թեկնածու է

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարչապետի թեկնածուն Մամուկա Բախտաձեն է: Այս որոշումը կուսակցությունը կայացրել է այսօր՝ հունիսի 14-ին անցկացրած նիստի ընթացքում:

Վրաստանի վարչապետի պաշտոնը թափուր է նախօրեից, երբ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց:

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահը խորհրդարանական մեծամասնության թեկնածուին պետք է ներկայացնի 7 օրվա ընթացքում: Վարչապետի թեկնածուն էլ 7 օրվա ընթացքում պետք է ընտրի կառավարության կազմ՝ նախարարների թեկնածուներ և դիմի խորհրդարանին՝ վստահություն ստանալու նպատակով: Սրանից ևս 7 օրվա ընթացքում խորհրդարանը կքննարկի կառավարության կազմը և կքվեարկի վստահություն հայտնելու վերաբերյալ: Կառավարության կազմի հետ մեկտեղ խորհրդարանին կներկայացվի նաև կառավարության ծրագիրը:

Մինչև կառավարության նոր կազմը ստեղծելը,  նախկին նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են համարվում:

Մամուկա Բախտաձեն ծնվել է 1982 թվականի հունիսի 9-ին: Ավարտել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը և Վրաստանի տեխնիկական համալսարանը: Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մագիստրոս է: 2010 թվականին INSEAD-ի բիզնես դպրոցում MBA-ի որակավորում է ստացել:

Ինչ վերաբերում է աշխատանքային փորձին, 2005-2006 թվականներին Մամուկա Բախտաձեն «Վրաստանի երկաթգծի» նախագծի մենեջերն է եղել, 2010-2012թթ․՝ Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիայի գլխավոր տնօրեն, 2013 թ․ ապրիլից 2017թ․ նոյեմբերի 13-ը զբաղեցրել է «Վրաստանի երկաթգիծ» կազմակերպության  գլխավոր տնօրենի պաշտոնը, 2017թ․ նոյեմբերի 13-ից եղել է Վրաստանի ֆինանսների նախարար:

Թողնել պատասխան