Մարդկանց բացատրեք ընտրություններին մասնակցելու կարևորությունը. Մարգվելաշվիլի

«Մեր նպատակն է ավելացնել ընտրությունների մասնակիցների թիվը, որպեսզի շատերը միանան  այս ժողովրդավարական գործընթացին»-ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` «Քո ձայնը  մեր ապագան է»  նախընտրական նախագծի շրջանակներում հանդիպման մասնակիցներին:  Մարգվելաշվիլին հիշյալ նախագծի հերթական հանդիպումն իրականացրել է Աջարիայի  Շեկվեթիլիի ամառային դպրոցում:

Նախագահն ասել է, որ  հնարավոր է` քաղաքական գործիչներից ոչ բոլորն են  արդարացրել  հասարկության սպասելիքները, այդուհանդերձ երկիրը զարգանում է.  «ձեզ միգուցե դուր չի գալիս այս կամ այն քաղաքական ուժը, բայց պետք չէ հրաժարվել երկրից  ու  նրա հզորացումից»:

Նախագահը անդրադառնալով ամառային դպրոցի գործունեությանը, վստահեցրել է, որ  այն դրական արդյունք պիտի տա:  «Դուք պետք է մարդկանց վստահեցնեք, որ կարևոր է ընտրություններին իրենց մասնակցությունը.  դա նրանց քաղաքացիական պարտքն է: Դուք կհանդիպենք մարդկանց, ովքեր կասեն` քաղաքական գործիչները չեն արդարացրել իրենց սպասելիքները, կամ բազմիցս մասնակցել ենք ընտրությունների, սակայն  ոչինչ չի փոխել: Իմացեք,  նման  մոտեցումը սխալ է…» -նշել է Վրաստանի նախագահը:

Հիշեցնենք` «Քո ձայնը մեր ապագան է» նախագիծը իրականացվում է Գիորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ,  նախագահի պահուստային ֆոնդի աջակցությամբ: Արշավի  նպատակն է  Վրաստանի բնակչությանը ընտրություններին մասնակից դարձնել:  Այն չի պաշտպանում քաղաքական կուսակցություններից  որևէ մեկին:

Երկրի ղեկավարը արդեն  ներկա է եղել նախընտրական այս ծրագրի շրջանակներում բացված Բազալետիի, Քոբուլեթիի, Ամբրոլաուրիի, Ծղալտուբոյի  և Անակլիայի ամռային դպրոցներում:

Հաջորդ հանդիպումը նախատեսված է Սիղնաղիի ամառային դպրոցում:

Թողնել պատասխան