Մենք հպարտորեն կարող ենք ասել, որ վրացի ենք և ավելի շատ եվրոպացի. Միխեիլ Սահակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիներին շնորհավորել է Եվրոպայի հետ վիզայի ազատականացման կապակցությամբ:

«Սա դեպի ազատություն կատարած մեծ քայլ է: Ես իմ ընկերոջ` Զուրաբ Ժվանիայի կողքին էի, երբ նա պատմական արտահայտություն արեց` ես վրացի եմ և հետևաբար` եվրոպացի: Երբ «Վարդերի հեղափոխությունից» հետո, Խորհրդարանի դիմաց մենք լսեցինք Եվրոպայի հիմնը և առաջին անգամ բարձրացրինք Եվրոպայի դրոշը, Վրաստանում և Վրաստանից դուրս շատերը ծիծաղում էին ինձ վրա, սակայն դա իմ սկզբունքային համոզմունքն էր, որ Վրաստանը դեպի Եվրոպա կշարժվի, և այդպես էլ եղավ 2006 թվականից հետո: 2008 թվականի ներխուժումից հետո, մենք միասին ստեղծեցինք արևելյան գործընկերությունը, որտեղ մեզնից բացի ընդգրկեցինք ևս մի քանի պետություն: Այդ գործընկերության շրջանակներում ստորագրեցինք ասոցացման համաձայնագիրը»,-հայտարարել է Սահակաշվիլին:

 Վերջինիս կարծիքով` ընդունված որոշումը կնպաստի երիտասարդների արտասահմանում կրթություն ստանալուն և Վրաստանզբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:
«Սա ժողովրդի կամքն է և ժողովրդի հաղթանակը: Իհարկե, ես վսրահ էի, որ այս ամենը տեղի է ունենալու, ինչպես հիմա վստահ եմ, որ Վրաստանը կմիավորվի և իր ազդեցությունը կվերականգնի իր իսկ տարածքների վրա: Եվ իհարկե վստահ եմ, որ Վրաստանը կազատվի այս թյուրիմացությունից, այս ռուս օլիգարխի ոչ պաշտոնական կառավարումից: Չնայած նրան, որ Թբիլիսիում, կառավարական գրասենյակներում և Սոլոլակիում հաստատված գաճաճները վերցրել են իմ վրացական անձնագիրը ( Վրաստանի կառավարությունը Սահակաշվիլիին զրկել է Վրաստանի քաղաքացիությունից), ես այսօր հպարտանում եմ այնքան, որքան երբեք, ես այսօր ավելի շատ վրացի եմ, քան երբևէ, որովհետև հպարտորեն կարող ենք ասել որ վրացի ենք և ավելի շատ եվրոպացի»,— հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:

Թողնել պատասխան