Շամշյանը հայտնում է, ՀՀ դեսպանատունը հերքում. Ինչ իրավիճակ է Վրաստանի ճանապարհին

SHAMSHYAN.com-ը  հունվարի 20-ին տեղեկատվություն է տարածել, որ Վրաստանում բազմաթիվ  ՀՀ քաղաքացիներ  արդեն 3 օր է հայտնվել են անօգնական և արհամարհված վիճակում։ Քաղաքացիներն ասել են, որ 400-500 մեքենա շուրջ 3 օր է արգելափակված է Թբիլիսիից մոտ 40 կմ հեռավորության վրա: Ճանապարհը փակ է անհայտ պատճառներով: Կայքը մասնավորապես գրում է.

Արգելափակման մեջ գտնվող հայ վարորդները տեղեկացնում են, որ ճանապարհի փակման պատճառ է նշվել նախ՝ վթարը, այնուհետև՝ ձյունը, սակայն իրական պատճառները այդպես էլ հայտնի չեն: Արգելափակաման մեջ գտնվող վարորդները վստահեցնում են, որ վիճակը սարսափելի է. հյուրանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մնացել են առանց հացի և ջրի: Արգելափակման մեջ գտնվող մեքենաներում բազմաթիվ երեխաներ կան, նրանցից շատերը հիվանդացել են: Հիվանդ երեխաներին բուժօգնություն ցուցաբերելու համար երեկ տարածք է կանչվել նաև շտապօգնության մեքենա: Մի քանի երեխա հոսպիտալացվել է: Տիրող վիճակի նկատմամբ, ըստ վարորդների, պատկան մարմինները բացարձակ անտարբերություն են ցուցաբերում, տեղում աշխատող ոստիկաններն էլ արգելափակման մեջ մնացած մարդկանց նկատմամբ կիրառում են բռի և կոշտ վերաբերմունք: Վարորդները հորդորում են պարզել արգելափակման պատճառը և հնարավորինս արագ բացել ճանապարհը»։ Նմանատիպ ահազանգեր ենք ստանում նաև Լարսի հատվածում անօգնական վիճակում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներից, ովքեր նույնպես արդարացիորեն բողոքում են, որ պատկան մարմինները ոչ մի գործողություններ չեն անում՝ իրենց վերքին դարման լինելու ուղղությամբ։ SHAMSHYAN.com-ը փորձում է կատարվածի մասին տեղեկություններ ստանալ ՀՀ Արտաքին գործերի և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններից։ Նյութին կից նաև տեսանյութ է հրապարակված:

Նյութի հրապարակումից հետո Վրաստանում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջում տեղադրվել է հերքման  տեքստ, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց փոփոփության.

Shamshyan.com կայքը երկու ժամ առաջ տեղեկատվություն հրապարակեց, որ Վրաստանում արտակարգ իրավիճակ է և 5 տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ 3 օր է արգելափակված են Թբիլիսիից մոտ 40 մետր հեռավորության վրա, իսկ ճանապարհն անհայտ պատճառներով փակ է: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է այդ տեղեկատվությունը և հայտնում, որ ՀՀ որևէ քաղաքացի արգելափակված չէ, իսկ Թբիլիսիից դուրս եկող բոլոր ճանապարհները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

Թողնել պատասխան