Վրաստանում պատերազմի 676 վետերան է ապրում

Վրաստանի կառավարությունը երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին միանվագ դրամական օգնություն կցուցաբերի: Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում ներկայումս 676 վետերան կա, որոնցից 224-ը՝ Թբիլիսիում, 452-ը՝ շրջաններում: 2016-ին մայիսի 9-ին 1296  վետերան կար, 2017-ին՝ 948: Վրաստանը, երկրորդ համաշխարհայինին մասնակցել է Խորհրդային միության կազմով, կորցրել երկրի տասը  տոկոսը՝ գրում է newsgeorgia-ն: Տասնյակ հազար վրացիներ պարգևատրվել են կառավարական պարգևներով, 167-ը Խորհրդային միության հերոսներ են:

Հաղթանակի տարեդարձին յուրաքանչյուր վետերան կստանա 600, իսկ պատերազմի մասնակից վետերանների այրիները կամ զավակները՝ 300 լարի: Վրաստանի նախագահի հանձնարարականով մայիսի 9-ին պատերազմի մասնակիցները կստանան 140 լարիի չափով բուժօգնության հավաստագիր: Վետերանները նաև  44 լարիի չափով սուբսիդավորում են ստանում, նաև մունիցիպալիտետների տեղական բյուջեով նախատեսված են արտոնություններ՝ հատուկ դեպքերի համար:

Ընդհանուր առողջապահության պետական ծրագիրը հատուկ փաթեթներ ունի վետերանների համար, իսկ վետերանների հարցով պետական ծառայությունում հավելյալ ծրագիր է գործում, ըստ որի պատերազմի մասնակիցները կարող են 1500 լարի ֆինանսական աջակցություն ստանալ բուժծառայությունների և մինչև 500 լարի դեղամիջոցներ ձեռք բերելու համար: Վետերանները տարեկան երկու անգամ կարող են դիմել, իսկ նրանց մահվան դեպքում  հարազատները 500 լարի միանգամյա օգնություն են ստանում՝ հուղարկավորման ծախսերի համար: Վետերանները հանրային տրանսպորտում անվճար երթևեկելու իրավունք ունեն, ազատված են նաև անձնագրի և նույնականացման քարտի համար նախատեսված վճարներից:

Թողնել պատասխան