«Ռոստուրիզմ»-ը ռուսաստանցի զբոսաշրջիկներին կոչ է անում հաշվի առնել Վրաստան այցելելու ռիսկերը

«Ռոստուրիզմ»-ի ղեկավար Օլեգ Սաֆոնովը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է անում Վրաստան ճանապարհորդելիս հաշվի առնել ռիսկերը:

«Վրաստանում զբոսաշրջիկների հոսքն ավելացել է։ Բայց այս երկիր գնալիս զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Վրաստանում կան մի քանի օրենքներ, որոնք ռուս զբոսաշրջիկների համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում»,- հայտարարել է Սաֆոնովը:

Տեղեկատվությունը տարածել է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը՝ հիշեցնելով, որ վերջերս պետդումայի պատգամավոր Իգոր Մարտինովին հայ-վրացական պետական սահմանով թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Անհայտ է, թե ինչու է վրացական կողմը հետ ուղարկել ռուս պատգամավորին: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հավանաբար 2015 թվականին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիա կատարած այցն է եղել պատճառը:

Թողնել պատասխան