Սաակաշվիլին նամակ է գրել Պորոշենկոյին՝ համերաշխության կոչով

Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվիտասլավ Ցեգոլկոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիի նամակը՝ ուղղված նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Սաակաշվիլիի խոսքով՝ այս նամակը գրել է բանտից դուրս գալուց հետո։ Ավելի վաղ «Ինսայդեր» հրատարակչությունը, հղում անելով սեփական աղբյուրին, գրել էր, որ Սաակաշվիլին նամակը փոխանցել է Եվրամիության դեսպաններից մեկի օգնությամբ։

Ցեգոլկոն հայտարարել է, թե նամակի հրապարակման համար առիթ է հանդիսացել հանրային մեծ հետաքրքրվածությունը։

Վրաստանի երրորդ նախագահն իր նամակում գրում է, որ շատ քաղաքական սխալներ է թույլ տվել և թույլ է տալիս։

«Հարգելի Պյոտր Ալեկսեյի, պարոն նախագահ։

Չնայած վերջին ժամանակներում ծավալված իրադարձություններին, ագրեսիվ չեմ տրամադրված։ Դուք ինձ լավ եք ճանաչում և լավ եք հասկանում, որ իմ համագործակցությունը ФСБ-ի (Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայություն) հետ ոչ միայն աբսուրդ է, այլ ուրախացնում է Ուկրաինայի թշնամիներին։

Իհարկե, ես քաղաքական շատ սխալներ եմ թույլ տվել և շարունակում եմ թույլ տալ, սակայն, այժմ ավելի քան երբևէ համոզված եմ, որ անհրաժեշտ է իրավիճակի դեէսկալացիա։

Բանակցելու համար պատրաստ եմ, ցանկացած պահի հանդիպել ձեր ներկայացուցչին»,- գրել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին՝ անդրադառնալով նամակին, հայտարարել է, թե «այսպես են գործում հաղթող մարդիկ»։

«Արել եմ այն, ինչ անում են հաղթողները, մարդիկ, ովքեր վստահ են իրենց արդարության մեջ։ Ռուսաստանի գործակալ կոչելը վիրավորական է։ Ինձ ասել էին, որ նախագահը մի քանի օրից պատրաստ կլինի հանդիպել ինձ հետ»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Թողնել պատասխան