Վրաստանը կմասնակցի ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանին

Ստրասբուրգում կմեկնարկի Եվրախորհրդի խորհրդարնական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որին մասնակցելու է նաեւ Վրաստանի պատվիրակությունը: Ապրիլի 21-ին նախատեսվում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ելույթը` Խորհրդարանական վեհաժողովում: 

Վարչապետը կխոսի Վրաստանում ընթացող բարեփոխումների մասին, ինչպես նաեւ հնարավորություն կունենա հարցեր տալ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին: Ինչպես «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, պատգամավոր Գիորգի Կանդելակին է հայտարարել, կարեւոր է, թե վարչապետը ինչ պատասխաններ է տալու գոյություն ունեցող քննադատություններին:

Պատգամավորի համոզմամբ` վարչապետի ելույթի ընթացքում հարցեր են հնչելու նախընտրական ժամանակահատվածի վերաբերյալ: Իր հերթին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, պատգամավոր Իրակլի Չիքովանին հայտարարել է, որ նստաշրջանի ընթացքում ծրագրված է մի քանի կարեւոր հարցի քննարկում: Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերին հարցեր ուղղելու հնարավորության պարագայում ինքը` Չիքովանին, կհետաքրքրվի վիզայի ազատականացման ներկա փուլով:

Ինչ վերաբերում է նստաշրջանի օրակարգի այլ թեմաներին, ապա «ինտերպրեսնյուս» լրատվականի փոխանցմամբ` անդրադարձ է լինելու Իսլամական պետության եւ ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաեւ ներգաղթյալների ճգնաժամին: Ի դեպ, առաջիկայում նաեւ պարզ կդառնա` կքննարկվե՞ն արդյոք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Թողնել պատասխան