Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Այսօր առավոտյան ժամը 8-ից Վրաստանի 3․645 ընտրատեղամասերում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Միքելաձեն հայտարարել է, որ ընտրությունները ընթանում են հանգիստ մթնոլորտում։

Երկրից դուրս, 40 պետությունների 47 քաղաքներում գործող Վրաստանի դիվանագիտական առաքելություններում գործելու են 55 ընտրատեղամասեր։ Պաշտոնական տվյալների համաձայն համապետական այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Վրաստանի 3 մլն․ 513,884 հազար քաղաքացի։

Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 111 տեղական եւ 55 միջազգային կազմակերպություն։ Դիտորդների ընդհանուր թիվը հասնում է 31 հազարի։ Զուգահեռաբար, քաղաքական կուսակցությունների 42 հազար ներկայացուցիչ է ներգրավված ընտրական գործընթացի տարբեր մակարդակներում։

150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 19 քաղաքական կուսակցություն եւ 6 ընտրական դաշինք։ 73 մեծամասնական մանդատի համար պայքարում է 816 թեկնածու։

Թողնել պատասխան