Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդաժողովում Վրաստանի պատվիրակությունը կղեկավարի Կվիրիկաշվիլին

Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդաժողովում Վրաստանի պատվիրակությունը կղեկավարի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նիստը կկայանա այսօր:

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն, թվով 4-րդ նիստում կքննարկվեն Վրաստանի՝ ԵՄ ասոցացման  շնորհիվ  ունեցած առաջընթացի, ազատ առևտրի բնագավառում  լայնընդգրկուն  պայմանագրի կնքման վերաբերյալ հարցերը: Խոսք է գնալու նաև մինչև 2020 թվականը ԵՄ և Վրաստանի ասոցացման պայմանագրի առաջնահերթությունների մասին: Խորհրդաժողովի եզրափակիչ նիստում տեղի կունենա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն  հանձնակատար Ֆեդերիկի Մոգերինիի մամլո ասուլիսը:

Բրյուսել կատարած այցի օրերին նախատեսված է նաև վարչապետ Կվիրիկաշվիլու և իր կաբինետի անդամների հանդիպումը առևտրի գծով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմի հետ:

Վարչապետի ղեկավարած վրացական պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Թողնել պատասխան