Տարածաշրջանային հակամարտությունները ՀՀ վարչապետի՝ վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցի առանցքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին հարցազրույց է տվել վրացական առաջատար՝ «Հանրային», «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաընկերություններին:

Հանրային հեռուստաընկերության լրագրողը հայտնում է, թե Նիկոլ Փաշինյանի խոսքերից պարզ է դառնում, որ նա կրկին շարունակում է պլանավորել Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների հետագա խորացումը: Փաշինյանն արդեն պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեին: Ինչպես հայտնել է Փաշինյանը, սպասում են որոշ մանրամասնությունների շուրջ համաձայնության գալուն, որից հետո տեղի կունենա Վրաստանի վարչապետի այցը Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է Վրաստան կատարած իր այցին, որի ընթացքում այցելել է նաև Սամցխե Ջավախք: Փաշինյանը հայտարարել է, որ հայաշատ շրջանում այցի գլխավոր ուղերձը հայերի և վրացիների բարեկամ լինելն էր, ինչպես նաև այն, որ հայ և վրաց պետությունները բարեկամական պետություններ են և այդ հարաբերություններն էլ ավելի պետք է խորանան:

«Իմեդի» հեռուստաընկերության լրագրողը հայտնում է, թե նախ հետաքրքրվել է, թե ինչպես է Փաշինյանը տեսնում երկրի զարգացումը և ինչ քայլեր են արվելու։ Հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասել է, որ առաջին հերթին այս փուլում ամենակարևորը կոռուպցիայի դեմ պայքարն է, որից հետո կիրականացվեն փոփոխություններ տնտեսական, առողջապահության և գիտության ոլորտներում:

Ըստ լրագրողի՝ հետաքրքիր է եղել Փաշինյանին ուղղված այն հարցը, թե ինչպես է նա վերաբերվում Վրաստանի բռնազավթված տարածքներին և աջակցո՞ւմ է արդյոք Վրաստանի տարածքային ամբողջականությանը, որին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ կխուսափի այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում ապակայունացում առաջացնել: Նա միայն հայտարարել է, որ կողմ է և աջակցում է բոլոր հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծմանը:

«Իմեդի» հեռուսատընկերության լրագրողի խոսքերով՝ ոչ պակաս հետաքրքիր է եղել նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի երկաթուղու հարցը։ Փաշինյանին հարց է ուղղվել, թե Վրաստան կատարած այցի ընթացքում քննարկվել է արդյոք այս երկաթուղու հարցը, որին Փաշինյանը պատասխանել է՝ նշելով, որ այդ հարցը միայն Վրաստանի ներքին գործն է, ինչպես նաև հակամարտության կողմերի հարցն է, որի կապակցությամբ չի կարող հայտարարություն անել և գործին խառնվել:

«Հայաստանը չի պատրաստվում երկրից հանել ռուսական ռազմաբազաները»,- այսպես է սկսվում «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ռեպորտաժը:

Հակամարտությունների վերաբերյալ լրագրողի հարցին Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանի դիրքորոշումն է՝ բոլոր հակամարտությունների երկխոսության ճանապարհով խաղաղ կագավորումը:

Լրագրողները նաև անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, նա կստանա համարժեք պատասխան: Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից արված յուրաքանչյուր ագրեսիվ քայլ համապատասխան պատժի կարժանանա։