«Ձեր քաղաքական կշիռը զրո է». Կանդելակին՝ Կվիրիկաշվիլիին

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիորգի Կանդելակին հարցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար  Գիորգի Կվիրիկաշվիլիին, թե արդյոք նրան չի հետաքրքրում շրջապատի, միջազգային գործընկերների ու Թբիլիսիում հավատարմագրված դեսպանների կարծիքը։ 

«Նրանք ամեն օր ասում են, որ դուք հաճելի զրուցակից եք, ունեք լավ վարվելաձև, սակայն ոչինչ  չեք որոշում, Ձեր քաղաքական կշիռը զրո է։Կարեւոր հարցերի դեպքում նրանք դիմում են Բիձինա Իվանիշվիլիին, չե՞ք ամաչում․․․»,-հարցրել է ընդդիմադիր պատգամավորը։

«Զերծ մնալով  տարատեսակ վիրավորանքներ հնչեցնելուց, պարզապես կանտեսեմ այս մեկնաբանությունը»,- ասել  է Կվիրկաշվիլին:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության  փոխանցմամբ՝ Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև Ուկրաինայի հետ հարաբերություններին` Վրաստանի նախկին նախագահ, վերջերս Օդեսայի նահանգապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Միխեիլ Սահակաշվիլիին  մեղադրելով երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման մեջ:

«Ուկրաինան մեր բարեկամ երկիրն է, ռազմավարական գործընկերը։ Խնդիրները ստեղծում էր միայն Օդեսայի (նախկին) նահանգապետը (նկատի ունի Միխեիլ Սահակաշվիլիին-խմբ․), ում հայտարարությունները զուրկ էին  Վրաստանի հանդեպ աջակցությունից»,-ասել է վարչապետը՝ կարևորելով Ուկրաինայի հետ հարաբերությունները:

Թողնել պատասխան