19 հազար լարի՝ անմարդաբնակ վայրում խաղահրապարակ կառուցելու համար

2022 թվականին Վրաստանի Կախեթիի մարզի Գուրջաանիի քաղաքապետարանը 19 հազար լարի է ծախսել Կոլագի գյուղում խաղահրապարակ կառուցելու համար, որը գյուղից դուրս՝ անմարդաբնակ վայրում է գտնվում: Բյուջետային միջոցների աննպատակ ծախսման փաստը հրապարակել է Աուդիտորական ծառայությունը։

radiotavisupleba.ge-ի փոխանցմամբ՝ խաղահրապարակը գտնվում է բարձրադիր բլրի վրա։ Դեպի հրապարակ մուտքի ճանապարհն այնքան է վնասված, որ մեքենայով այնտեղ հասնելը դժվար է։

Գուրջաանիի քաղաքապետարանի աուդիտի ծառայության հրապարակած զեկույցում, բացի Կոլագիի հրապարակից, ներկայացվում են մի շարք այլ նախագծեր, օրինակ՝

  • 2021 թվականին վերջին գյուղում չգործող զբոսաշրջային օբյեկտի համար ծախսվել է 38 հազար 400 լարի։ Դրա շահագործման համար անհրաժեշտ է գեղեցկացնել տարածքը, կազմակերպել դիտահարթակ, սեղաններ և աթոռներ:
  • Վաչնաձիանի գյուղում 9800 լարի է ծախսվել վոլեյբոլի խաղահրապարակի կառուցման համար, որն այնքան վատ է պատրաստված, որ անհարթ մակերեսի պատճառով չի կարող օգտագործվել նպատակային նշանակության համար։
  • Գուրջաանի քաղաքում կա ջրահեռացման խնդիր։ Այստեղ Սուրբ Նինոյի երկրորդ նրբանցքի և Աղմաշենեբելիի առաջին նրբանցքի վերականգնողական աշխատանքների վրա ծախսվել է 117 հազար 600 լարի։ Սուրբ Նինոյի նրբանցքի բետոնե հատվածը վնասված է, մայթի մակերեսը ցածր է, ջուրը կուտակվում է և չի կարող անցնել ջրահեռացման ջրանցքով։
  • Ախաշնի գյուղի հանրակրթական դպրոցում հատակի վերականգնման համար ծախսվել է 21 հազար 200 լարի. նոր շարված հատակի տախտակները միմյանցից անջատված են, մակերեսն անհարթ է և վերամշակման կարիք ունի:
  • Գուրջաանիի առաջին մանկապարտեզի վերականգնման վրա ծախսվել է 83 հազար 600 լարի. ջուրը շենք է լցվում, թափվում է արտաքին պատերին, իսկ ներսի մի պատը դուրս է ցցված։

Աուդիտորական ծառայությունը գրում է, որ Գուրջաանիի քաղաքապետարանը կարող էր հարյուր հազարավոր լարիի տուգանք կիրառել այն կապալառուների նկատմամբ, որոնք բազմաթիվ աշխատանքներ անորակ, ուշացած կամ թերի են կատարել, բայց չի օգտվել այդ հնարավորությունից։