1988 թվականի դեկտեմբերի 7-ն էր, ժամը տասներկուսը չկար…

‹‹Ժամը տասներկուսի կողմերն էր, սովորականի պես այդ օրը կարտոֆիլն էի ջոկջկում (կարտոֆիլի բերքահավաքից հետո, գյուղացիները պարտադիր այն տեսակավորում են, առանձնացնում են սերմնացուն խոշորից, մանրն էլ անասնակեր է դառնում սովորաբար): Մեկ էլ տեսադաշտումս եղած բոլոր իրերը, պատերն ու առաստաղը սկսեցին լողալ: Կարտոֆիլը սկսեց վերևից գլորվել, մեծն ու մանրը խառնվեց իրար, ժամանակն էլ ասես մի պահ կանգնեց՝ ժամսլաքը տեղում հետ ու առաջ էր անում, մի պահ կորցրել էր ճիշտն ու սխալը: Երբ ամեն ինչ ավարտվեց շարունակեցին նույն չըխկ-չըխկոցով աշխատել, ասես ոչինչ էլ չէր եղել: Հենց կարտոֆիլը, պատերն ու առաստաղից կախված երկար լամպը դադարեցին տատանվել, փորձեցի վեր կենալ: Հիշեցի ինձ շրջապատող մեծերին ու մանրերին, դուրս վազեցի: Մի պահ ինձ թվաց ամպերն էլ են գնում-գալիս, ոչ թե շարժվում այլ տատանվում են, հետո հասկացա որ գլուխս է դեռ պտտվում: Կամաց-կամաց բոլոր տներից դուրս վազեցին մեծերն ու մանրերը: Փոքրերը վախեցած աչուկներով մեծերին հարցնում էին թե՞ ինչ է պատահել, մեծերն էլ փորձում էին խնամքով թաքցնել վախն ու շփոթմունքն ու պատասխանում,

բան չկա, վտանգն արդեն անցավ:

Բոլորս սկսեցինք փառք տալ Աստծուն, որ մի քանի վայրկյան կամ րոպե տևած գետնի տատանումները չքանդեցին մեր տունն ու տեղը››,- հիշում է 78 ամյա Քնարիկ տատս տարիների հեռավորությունից և շարունակում.

‹‹Երբ ամեն ինչ ու ամենքը խաղաղվեցին, վերադարձա գործս շարունակելու՝ չնայած անընդհատ կատարվածի մասին էի մտածում, չէր ստացվում գործ անել, հետն էլ մտավախություն ունեի, թե հանկարծ նորից կկրկնվի: Մտքերով ընկած քայլում էի, երբ հանկարծ նկատեցի, որ մեր հին տան գետինը ճեղքվել էր: Մոտեցա մատով փորձեցի ստուգել ճեղքի հաստությունը, մատս մի կերպ տեղավորվեց ճեղքի մեջ, հոգոց հանեցի ու քթիս տակ մռմռացի, -լավ պրծանք… մի ճաքով պրծանք››:

Խեղճ կինն ինչ իմանար, որ ավելի վատ չէր էլ կարող լինել:

1988 թվականի դեկտեմբերի 7-ն էր, ժամը տասներկուսը չկար

‹‹Հետո միայն հասկացա, որ եթե Ջավախքի ամենահեռավոր գյուղում՝ Կարզախում գետինը ճեղքել էր, ուրեմն Լենինականում տներն ու շենքերը կորցրել են իրենց երբեմնի հասակը՝ հավասարվել են գետնին… Իսկ մարդիկ… ազգս…››:

Արցունքները կոկորդին են հավաքվել՝ սեղմում են ձայնալարերն ու չեն թողնում խոսել, բայց արտասվել չի կարողանում: Ես էլ ոչ մի հարց չտվեցի: Տատս դժվարությամբ էր խոսում, չէր ուզում հիշել, կամ էլ մոռացել էր, բայց ա՜խր ոնց կմոռանար:

Արդեն ես էի մտքերով ընկել ու ամենատարբեր պատմություններ հիշել. հիշել էի թե քանի՜ քանիսին է որբացրել այդ երկրաշարժը, քանիսին է զրկել տնիցտեղից, ապրուստից, քանի քանիսին՝ հարազատներին հրաժեշտ տալու հնարավորությունից անգամ, քանի քանիսին է զրկել կյանքից՝ դեռ կյանք չսկսած, քանի քանիսն են գրկախառնվել վախից ու իրար գրկած կորցրել միմյանց, քանի քանիսն են մինչև օրս ապրում հույսով, որ տեսնելու են զավակներին, գրկելու են պինդ ու բաց չթողնեն:

Քաղաքն էլ աչքերը փակ արտասվում էր՝ արցունքներ չկային, հեկեկոցն էր միայն լսվում, իսկ աչքերը բացելու համարձակություն չուներ, չէր դիմանա ցավին, ավելի լավ է կուրացած լիներ…

Այս մտքերից արդեն ինձ էր համակել թախիծը, երբ տատս երկար լռությունից հետո արտաբերեց.

-Երանի թե մեր հին տանը (որտեղ մերոնք սովորաբար կարտոֆիլն են տեղավորում) գոյացած ճեղքը շատ ավելի հաստ լիներ, որ այնտեղ ոչ թե մատս, այլ ձեռքս, թեկուզ անգամ ես՝ իմ թմբլիկ հալով տեղավորվեի, միայն թե Լենինակա՜նը, Լենինակա՜նը երբեք չտեսներ այդ աղետը

Հ.Գ. Ցավն արտահայտելու ուրիշ խոսքեր չգտավ տատս, ես էլ, էլ ավելի չցավեցնելու համար հարցեր չտվեցի: Աղետալի երկրաշարժից հինգ տարի փոքր եմ, բայց քսանհինգ տարի շարունակ լսում եմ քաղաքի լուռ հեկեկոցը: Տեսնում նրան մինչև օրս ծնկի իջած: Քաղաքի հաղթանդամ ու գեղեցիկ կեցվածքին ավելացել է ծերունու սապատ:

Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)

«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։