Եվրոբարոմետրի նոր հարցման համաձայն՝ դաշինքի 27 անդամ պետությունների բնակչության մեծ մասը՝ 46%-ը, աջակցում է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը:
Մի փոքր ավելի քիչ՝ 43%-ը, դեմ է դրան: Մնացած 11%-ը նշել է, որ չի կողմնորոշվել:
Եվրոբարոմետրը հասարակական կարծիքի հարցումների շարք է, որը Եվրոպական հանձնաժողովը պարբերաբար անցկացնում է ԵՄ անդամ պետություններում (երբեմն նաև՝ թեկնածու երկրներում):
Հարցումներն իրականացվել են 2025 թվականի փետրվարի 18-ից մարտի 16-ը ԵՄ բոլոր 27 անդամ պետություններում: Ընդհանուր առմամբ անցկացվել է 26 հազար 319 հարցազրույց:
Հարցվածների 56%-ն աջակցում է ԵՄ ընդլայնմանը: Նրանցից 10%-ը «վճռականորեն է աջակցում» ընդլայնմանը:
Ընդլայնմանն ամենաշատը՝ ավելի քան 70%-ը, աջակցում են Շվեդիայում, Դանիայում, Լիտվայում, Ֆինլանդիայում և Լեհաստանում: Մասնավորապես՝
Շվեդիա — 79%,
Դանիա — 75%,
Լիտվա — 74%,
Ֆինլանդիա — 73%
Լեհաստան — 70%։
Միության անդամների շրջանում Ֆրանսիան և Չեխիան (43-43%) վատատեսորեն են տրամադրված ընդլայնմանը։
Հարցվածների 46%-ը նշել է, որ աջակցում է Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին, եթե երկիրը համապատասխանի անդամակցության չափանիշներին։
Նրանց շրջանում 10%-ը վճռականորեն է աջակցում այդ հեռանկարին։
Հարցվածների 43%-ը դեմ է։
16%-ը «կտրականապես դեմ» է։
Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին աջակցելու հարցում առաջատարներն են Շվեդիան, Լիտվան և Լատվիան։