Պատերազմն ազդել է Բորջոմիի արտադրական գործընթացի վրա

IDS Borjomi Georgia ընկերությունը ստիպված է այս տարվա ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցնել արտադրական գործընթացը Բորջոմիի երկու շշալցման գործարաններում։

Ըստ հայտարարության՝ պատճառը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն են․

«Տեղեկացնենք, որ IDS Borjomi Georgia ընկերությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ևեթ ծանր վիճակում է հայտնվել։ Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկաներում ստեղծված բարդ իրավիճակին գումարվել է բանկային հաշիվների սահմանափակ մուտքը, ինչը փակել է ընկերությանը արտարժույթով եկամուտներ ստանալու հնարավորությունից»։

Ընկերությունը շարունակել է գործել մինչ օրս՝ իրավիճակը էականորեն շտկելու ակնկալիքով, ինչը, սակայն, չի հաջողվել։

«Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կբարելավվի, հնարավորություն կունենանք վերսկսելու աշխատանքը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։