3.7 մլն լարի տուգանք՝ կենսաթոշակային վճարումների պարտավորությունները խախտելու համար

Կենսաթոշակային վճարումների պարտավորության անպատշաճ կատարման համար գործատուները 2025 թվականին տուգանվել են 3 մլն 746 հազար լարիով։ Պետական գանձապետարանի տվյալներով՝ միայն դեկտեմբերին գործատուները տուգանվել են գրեթե 800 հազար լարիով։

Նշենք, որ անցյալ տարի օրենքի խստացումից հետո, կենսաթոշակային վճարումների պարտավորության անպատշաճ կատարման համար գործատուն առաջին անգամ տուգանվում է 500 լարիով, իսկ կրկնվելու դեպքում՝ 1000 լարիով։

Բացի բյուջե ուղղվող տուգանքից, պարտավորությունը չկատարելու համար գործատուի վրա դրվում է նաև տույժ՝ կենսաթոշակային այն գումարի չափով, որը չի փոխանցվել հիմնադրամին կամ փոխանցվել է ժամկետի խախտմամբ։ Տույժի չափը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար կազմում է Ազգային բանկի սահմանած դրամավարկային քաղաքականության դրույքաչափին գումարած 5%։

Հատկանշական է, որ 2025 թվականին կենսաթոշակային համակարգին անդամակցողների թիվը կազմել է 1 միլիոն 706 հազար մարդ։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կուտակային կենսաթոշակից օգտվել է 26 հազար 820 անձ, որոնց որպես կենսաթոշակ վճարվել է ընդհանուր 124 միլիոն լարի։

Դեկտեմբերի վերջի դրությամբ Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամի ակտիվները գերազանցել են 8,2 միլիարդ լարին։