2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի մարտ ամիսը տեսանելի արտանետումների (ծխի) համար դուրս գրված տուգանքների ընդհանուր գումարը հասել է 4,5 միլիոն լարի։ Ճանապարհներին արտանետումների վերահսկողության վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամանակ խորհրդարանում այս տվյալը ներկայացրել է Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի պետ Լևան Ջղարկավան։
Զեկույցի համաձայն՝ վարորդներին ներկայացված տուգանքների գումարը կազմում է 2,032 միլիոն լարի, իսկ ավտոսեփականատերերի դեպքում ֆինանսական պատժամիջոցների ծավալը կազմում է 2,466 միլիոն լարի։ Տուգանքների վճարման վիճակագրությունը վարորդների դեպքում կազմում է 83%, իսկ սեփականատերերի դեպքում՝ 45%։
«Վիճակագրության համաձայն՝ տուգանքների քանակն աճում է։ Նշեմ, որ մենք տեսչական ստուգումներն սկսել ենք 2023 թվականի սեպտեմբերի 4-ին։ 2023-ի ընթացքում դուրս է գրվել 2980 տուգանք, 2024-ին՝ 5665, 2025-ին՝ 6022, իսկ 2026 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում՝ արդեն 2239։ Ցավոք, վիճակագրությունն աճողական է»,- հայտարարել է Ջղարկավան։
Ըստ դեպարտամենտի պետի՝ տուգանքների կեսից ավելին դուրս է գրվել Թբիլիսիում:
«Այնուհետև գալիս է Բաթումին՝ 18%, Քութաիսին՝ 16%։ Միջին վիճակագրությամբ՝ օրական դուրս է գրվում մոտ 20-22 տուգանք՝ ըստ տեսանելի արտանետումների»,- ասել է նա։
Հաշվետվության համաձայն՝ արձանագրվել է տեսանելի արտանետումներով ավտոմեքենայի վարման համար կրկնակի տուգանման 727 դեպք։ Նման դեպքերում ֆինանսական պատժամիջոցը ֆիզիկական անձանց համար կազմում է 300 կամ 600 լարի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 1500 կամ 3000 լարի։