Վրաստանում վաղը՝ մարտի 8-ին, Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, կբարձրաձայնվի կանանց մանիֆեստն՝ ընդդեմ տոտալ վերահսկողության։ Մանիֆեստը կտարածվի Վրաստանի մի շարք քաղաքներում՝ Թբիլիսի, Ախալքալաք, Մառնեուլի, Քութայիսի, Բաթումի, Օզուրգեթի, Ամբրոլաուրի, Ախմետա, Գորի, Բոլնիսի և Թելավի։
Մանիֆեստի հեղինակները հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական շարժումներն են։
«Դիմում ենք Վրաստանում բնակվող բոլոր կանանց, գյուղում և քաղաքում բնակվող կանանց, ներսում և դրսում աշխատող կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց և հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին, բոլոր ազգությունների և կրոնական համոզմունքների կանանց, բոլոր նրանց, ովքեր իրենց կին են համարում։ Դարեր շարունակ կանանց նկատմամբ ճնշումը սովորական բան էր։ Այսօր մեզանից շատերին այս հիմնական իրավունքները հասանելի են շնորհիվ կանանց անձնուրաց պայքարի, դիմադրության և համերաշխության», — նշված է հայտարարության մեջ։
Կազմակերպիչները նաև ընդգծել են, որ մանիֆեստի միջոցով կանայք պայքարելու են ռուսական օրենքի դեմ․
«Կանայք չե՛ն հանդուրժի ճնշումը, անարդարությունը և անհավասարությունը: Կանայք չե՛ն հրաժարվի Վրաստանի անկախությունից։ Կանայք չե՛ն հրաժարվի երկրի եվրոպական ընտրությունից։ Մենք չե՛նք ենթարկվի տոտալ վերահսկողությանը և կպայքարենք ռուսական օրենքի դեմ»։