Վրացի դիվանագետները հայտարարություն են տարածել խորհրդարանում «գործակալների մասին օրենքի» քննարկմանը և դրա դեմ շարունակվող բողոքին առնչվող։ Տեքստում, որը ստորագրել են 57 նախկին բարձրաստիճան դիվանագետներ, ասվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր որոշումներով 180 աստիճանով շրջել է երկրի արտաքին քաղաքական կուրսը։
Դիվանագետները նույն հայտարարությամբ դիմում են հանրային կամ դիվանագիտական ծառայության իրենց գործընկերներին և հիշեցնում նրանց պատասխանատվության ու պարտավորության մասին՝ պաշտպանելու երկրի սահմանադրությունն ու եվրոպական ուղին:
«Մեզ՝ այս երկրի տարբեր սերունդների դիվանագետներիս համար, որոնք երկար տարիներ են նվիրել եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանն ու մեր երկրի պետական շահերի ամրապնդմանը, լիովին պարզ է, որ Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանքը» փոխել են արտաքին քաղաքականության կուրսը՝ Արևմուտքից դեպի Ռուսաստան: Այս փոփոխությունը կասեցնելու համար միակ ճանապարհն այն է, որ բոլոր հայրենասեր մարդիկ իրենց ձայնը բարձրացնեն, բողոքեն և արձագանքեն անարդար օրենքներին կամ որոշումներին»,- նշված է հայտարարության մեջ։
Նրանք հանրային կամ դիվանագիտական ծառայության իրենց գործընկերներին հիշեցնում են, որ երկրի պատմության մեջ կան պահեր, երբ լռությունը հավասար է մեղսակցության, իսկ երկրի Սահմանադրության ու եվրոպական ուղու պաշտպանությունը պատասխանատվություն է և նույնիսկ պարտավորություն. «Մենք կարծում ենք, որ այս երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը չի դառնա երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության ակտիվ կամ պասիվ մասնակից։ Կոչ ենք անում կանգնել այնտեղ, որտեղ այսօր կանգնած են ձեր երեխաները»:
Հայտարարությունն ստորագրողների կարծիքով` «մեր երկիրը բազմիցս եղել է կարևոր որոշումների խաչմերուկում, բայց երբեք այդքան պարզ և բարոյապես պարզ չի եղել, թե որն է ճիշտ ճանապարհը»։ Ստորագրողների ցանկը՝ այստեղ:
Հիշեցնենք, որ երեկ ընդդեմ «ռուսական օրենքի» լայնամասշտաբ բողոքի ցույց է ընթացել: Ցուցարարների նկատմամբ «պղպեղի սփրեյ» և արցունքաբեր գազ է կիրառվել: Հատուկջոկատայիններն ու ոստիկանական տարբեր խմբերը բռնի ուժով ցրել են ցույցը:
Ուշագրավ է նաև, որ այսօր` ապրիլի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «գործակալների մասին օրենքի» աջակցության հանրահավաք անցկացնել։ Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի աղբյուրի` իշխող ուժը հանրահավաքի համար պետաշխատողների է մոբիլիզացնում։