«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ապրիլի 9-ի ողբերգության իր հայտարարության մեջ հինգ անգամ նշել է «օտար ուժը», իսկ Ռուսաստանը՝ ոչ մի անգամ։
Թբիլիսիում ապրիլի 9-ին տեղի ունեցած ողբերգությունից անցել է 36 տարի: 1989-ի այս օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է:
Կոբախիձեն սոցցանցում գրել է, որ ապրիլի 9-ին սպանվածների հիշատակին «այսօր պատշաճ հարգանքի տուրք կմատուցվի», սակայն չի հստակեցրել՝ նախատեսո՞ւմ է արդյոք այցելել Ապրիլի 9-ի հուշահամալիր։
«Ապրիլի 9-ն այն օրն է, երբ օտար ուժը բռնություն գործադրեց մեր համաքաղաքացիների նկատմամբ: Ապրիլի 9-ը նաև այն օրն է, որը միավորեց Վրաստանը, այն օրը, երբ վրացիների մեջ սերը հաղթեց ատելությանը: Ապրիլի 9-ը նաև այն օրն է, երբ ազատության գաղափարը հաղթեց ստրկությանը: Դրա համար այսօր առավել` քան երբևէ, մենք պետք է հրաժարվենք ցանկացած բռնությունից, հաղթենք ատելությանը և պաշտպանենք ազատության գաղափարը», — գրել է Կոբախիձեն։
Իր հայտարարության մեջ Կոբախիձեն նաև պնդել է, թե «այսօր՝ ապրիլի 9-ի ողբերգությունից 36 տարի անց, օտար ուժերը դեռևս բռնություններ են իրականացնում Ռուսթավելիի պողոտայում»։
«Այսօր էլ Ռուսթավելիի պողոտայում օտար ուժը ատելություն է բորբոքում, փորձում արհեստականորեն խախտել վրացիների միասնությունը և պայքարում է ազատության գաղափարի դեմ։ Սակայն ապրիլի 9-ի փորձը մեզ սովորեցրել է, որ «օտար տերության գոյությունը կարճ է», և սերն ու ազատությունը, անկասկած, կհաղթեն ատելությանը և ստրկությանը։ Այսօր օտար ուժը փորձեց բռնություն հրահրել Ռուսթավելիի պողոտայում, իսկ երբ դա չհաջողվեց, ինքը դիմեց բռնության։ Մենք չենք կարող հավելյալ էներգիա տալ ատելությանը և խուսափելու ենք ցանկացած, թեկուզ փոքր սադրանքից, որը նախատեսում է օտար ուժը մեր երկրում», — գրել է «Վրացական երազանք»-ի վարչապետը։
Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում է։ Խորհրդարանի և Ապրիլի 9-ի հուշակոթողի մոտ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ այնտեղ են ժամանել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի փեսան, Աբխազիայի կառավարության նախարար Դավիթ Փացացիան և Գլդանիի մեծամասնական պատգամավոր Կոստա Զառնաձեն։
Մինչ նրանց հայտնվելը հուշակոթողի մոտ են ժամանել նաև «Վրացական երազանք»-ի կողմնակիցները. նրանք վիրավորական խոսքեր են նետել խորհրդարանի մոտ հավաքված խաղաղ ցուցարարների ուղղությամբ։
1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով 2024 թվականի նոյեմբերի 28-ից մեկնարկած եվրոպամետ ցույցերի մասնակիցները գիշերել են Ռուսթավելիի պողոտայում` խորհրդարանի շենքին հարող Ապրիլի 9-ի հուշակոթողի մոտ։