Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին, որը չորս ամիս շարունակ չի կարողանում լուծել «տեխնիկական անսարքությունը»՝ թույլ չտալով լրագրողներին և քաղաքացիներին մուտք գործել և ծանոթանալ պետական պաշտոնյաների հայտարարագրերին, «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը լիազորությունների ընդլայնում և «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ»-ի (FARA) կիրարկում է վստահել:
Չնայած այն հանգամանքին, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքը Հակակոռուպցիոն բյուրոյին պարտավորեցնում է հայտարարագրեր հրապարակել, սակայն 2024 թվականի դեկտեմբերից հակակոռուպցիոնը չի իրականացնում այդ գործառույթը. քաղաքացիների հասանելիությունը վեբ կայքի տեղեկատվությանը սահմանափակ է։ Սրա պաշտոնական պատճառը «տեխնիկական անսարքությունն» է, որը չորս ամիս բյուրոն չի կարողանում լուծել:
Ոչ միայն հայտարարագրերն այլևս չեն հրապարակվում, այլև բյուրոն վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին հրապարակային տեղեկատվություն չի տրամադրել պետական պաշտոնյաների ունեցվածքի մասին:
Պետական պաշտոնյաների հայտարարագրերը կարևոր տեղեկատվության աղբյուր են լրագրողների և հետազոտողների համար, որը սահմանափակվել է 2024 թվականի դեկտեմբերից: Այս փաստաթղթերը կարող են օգնել բացահայտել կոռուպցիոն ռիսկերը: Կայքը գործում է 2010 թվականից։
Այս կայքի միջոցով հանրությունը տեղեկացավ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքի, նաև նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի չհայտարարագրված թանկարժեք ժամացույցների և այլ պետական պաշտոնյաների ունեցվածքի մասին։
Հայտարարագրերի հասանելիության վրա «Վրացական երազանք» կուսակցությունը սկսել է սահմանափակումներ մտցնել ավելի վաղ՝ 2024 թվականի մայիսի 29-ից. այդ օրը խորհրդարանը փոփոխություններ կատարեց «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքում։ Այդ փոփոխություններից հետո պետական պաշտոնյաների հայտարարագրերն այլևս չպետք է հրապարակվեին 48 ժամվա ընթացքում։ Օրենքը թույլ է տվել Հակակոռուպցիոն բյուրոյին մինչև 60 օր չհրապարակել փաստաթղթերը կայքում:
Այս օրենսդրական փոփոխությունները խորհրդարանն ընդունել է զանգվածային բողոքի ցույցերին զուգընթաց. հազարավոր մարդիկ Թբիլիսիում դուրս էին եկել փողոցներ «գործակալների օրենք»-ի դեմ, որը պահանջում է Վրաստանի գործընկեր երկրների կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին գրանցել հատուկ գրանցամատյանում: Չնայած համատարած բողոքներին, «Վրացական երազանք» կուսակցությունը, այնուամենայնիվ, ընդունեց օրենքը. կուսակցության առաջնորդներն ասացին, որ իրենց նպատակը ոչ թե հասարակական կազմակերպություններին վարկաբեկելն է, այլ «թափանցիկության» հասնելը: