Վրաստան-Հայաստան-Ադրբեջան ԱԳՆ-ների եռակողմ հանդիպում Թբիլիսիում

2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում ընթանում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հանդիպումը երեք երկրների փոխարտգործնախարարների մակարդակով։

Հանդիպումը բացել է «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին։ Բոճորիշվիլին խոսել է Հարավային Կովկասի ռազմավարական դերի, տարածաշրջանի ներուժի և համագործակցության ձևաչափերի մասին:

«Այն, ինչ մեզ միավորում է և այսօր բերել է այս սեղանի շուրջ, Վրաստանի անկեղծ ցանկությունն է նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և ընդհանուր շահերի սահմանմանը: Հարավային Կովկասը ռազմավարական նշանակության տարածաշրջան է հսկայական ներուժով, որը մենք կարող ենք միասին իրացնել։ Տարածաշրջանի վերաբերյալ մեր պատկերացումների մասին խոսելը և եռակողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը ճիշտ ժամանակին է և, միաժամանակ, չափազանց անհրաժեշտ է», — ասել է «Վրացական երազանք»-ի ԱԳ նախարարը։

Եռակողմ հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով՝ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։

Հանդիպման հիմնական նպատակն է ներկայացնել երեք երկրների ընդհանուր շահերն ու տեսակետներն այն ոլորտների վերաբերյալ, որոնք կնպաստեն երկրների միջև փոխշահավետ, գործնական, եռակողմ համագործակցության ամրապնդմանը տարածաշրջանի բարգավաճման, կայունության և կայուն զարգացման համար։

«ԱԳՆ-ների միջև եռակողմ հանդիպումը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ գոյություն ունեցող ձևաչափի, այլ ավելի շուտ ներկայացնում է երեք հարևան երկրների լրացուցիչ ջանքերը կառուցողական և փոխշահավետ համագործակցություն կառուցելու համար», — նշել են Վրաստանի ԱԳՆ-ից:

Հանդիպմանը նախորդել են Բոճորիշվիլիի խորհրդակցությունները Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում նախաձեռնվել է եռակողմ հանդիպում երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև։