Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ Փոթիի մաքսային անցակետում ստուգումից հետո Գերմանիայից ներկրված սառեցված հավի մսով բեռնված մեքենաները հետ են ուղարկվել, իսկ Եգիպտոսից ուղարկված քաղցր կարտոֆիլը ոչնչացվել է։
Լաբորատոր հետազոտությունները պարզել են 27 հազար կիլոգրամ սառեցված հավի մսից վերցված նմուշներում պաթոգեն միկրոօրգանիզմի՝ սալմոնելայի առկայությունը: Ըստ այդմ, սառեցված հավի միսը վերադարձվել է արտահանող երկիր։
Հատկանշական է, որ սալմոնելան ներբջջային մանրէ է, որը վարակիչ է մարդկանց համար։ Սալմոնելայով վարակները դրսևորվում են սուր գաստրոէնտերիտով և փորլուծությամբ:
Սահմանային ստուգումից պարզվել է, որ Եգիպտոսից առաքված քաղցր կարտոֆիլի 70 տոկոսը պիտանի չէ սպառման համար, և բեռն ամբողջությամբ ոչնչացվել է։