Վրացերենը պարտադիր առարկա բուհերի բոլոր ֆակուլտետներում

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարան է ներկայացվել օրենսդրական առաջարկ, ըստ որի` պետական ​​և մասնավոր բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում վրաց լեզվի ուսուցումը բակալավրիատում պետք է պարտադիր դառնա:

«Վրացական երազանք»-ի վիճահարույց խորհրդարանը նախատեսում է շատ շուտով՝ գարնանային նստաշրջանի շրջանակներում, իրականություն դարձնել այս մտահղացումը և հաստատել օրենսդրական նախաձեռնությունը։

Կրթության կոմիտեի նախագահ Գիվի Միքանաձեն բուհերում վրացերենի ուսուցման վերսկսման օր է նշել 2025 թվականի հոկտեմբերի 1-ը։ Ապրիլի 14-ին՝ Մայրենի (վրաց) լեզվի օրը, այս լուրը նա հայտնել է հանրությանը՝ հավելելով. «Մենք կփոխենք 20 տարի առաջ կայացված անարդար որոշումը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»։

Ըստ Միքանաձեի, 2005 թվականին այն ժամանակվա կրթության նախարարության բանավոր հրահանգով վրաց լեզվի ուսուցումը պարտադիր առարկաների ցանկից միտումնավոր է հանվել բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի ծրագրից։

Նույն բովանդակությունը օրենսդրական առաջարկի տեքստում կրկնում են բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի պարտադիր ուսուցման գաղափարի հեղինակ լեզվաբաններ Նանա Մաճավարիանին և Գիորգի Գոգոլաշվիլին:

Այս օրենսդրական առաջարկում ասվում է. «2005 թվականին հեղափոխությամբ եկած ապազգային իշխանությունը վերացրեց «Վրաց լեզու» բուհական պարտադիր առարկան։ Սա այն հանցավոր գործողությունների մի մասն էր, որ այդ կառավարությունը կատարեց պետական ​​լեզվի դեմ, նրանք փակեցին Լեզվի պետական ​​պալատը, վերացրին նախագահին կից լեզվի պետական ​​հանձնաժողովը, վերացրին խորհրդարանում լեզվի պետական ​​ենթահանձնաժողովը, փակեցին վրացերենի վերաբերյալ բոլոր ռադիոհեռուստատեսային հաղորդումները»:

Կրթության մասնագետների կարծիքով, բացի այն հանգամանքից, որ պարզ չէ, թե ինչ է նշանակում բուհերում վրացերենի դասավանդում, նաև այս նախաձեռնությունն ուղղակիորեն վկայում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությանը միջամտության մասին և սահմանափակելու է ակադեմիական ազատությունը։