Մամուլի ազատության խորհրդանիշ. Զուրաբիշվիլին` Ամաղլոբելիի մասին

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել Մզիա Ամաղլոբելիի ազատազրկման 100-րդ օրվա վերաբերյալ և X սոցիալական ցանցում գրել, որ Ամաղլոբելին «դարձել է մամուլի ազատության խորհրդանիշ»։

«Լրագրող Մզիա Ամաղլոբելիի անարդարացի ազատազրկումից անցել է 100 օր. նա դարձել է մամուլի ազատության խորհրդանիշ՝ տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների նկատմամբ աճող բռնաճնշումների ֆոնին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք. Ամաղլոբելին հունվարի 11-ին, նախ, վարչական կալանքի է ենթարկվել, ապա` ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում:

Ազատազրկված լրագրողը ձերբակալությունից հետո 38 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։