«Վրացիների քայլերթը» կսկսի «մահացու հացադուլ». Սանդրո Բրեգաձե

«Վրացիների քայլերթի» առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն հայտարարել է, թե պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել, որը կկոչվի «մահացու հացադուլ»: Նա նաև պահանջել է ազատ արձակել կազմակերպության 7 անդամներին:

«Մահացու հացադուլը» կսկսվի ապրիլի 30-ին և ինչպես Սանդրո Բրեգաձեն է հայտարարել, նրանք կպահանջեն պատասխանատվության ենթարկել այն քաղաքական ուժերին, որոնք Բրեգաձեի խոսքով «Վրացիների քայլերթի» անդամների ձերբակալությունն են պլանավորել: Նրա համոզմամբ՝ «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչներ Թամար Չուգոշվիլին, Մամուկա Մդինարաձեն և Վանո Զարդիաշվիլին, ինչպես նաև Գիգա Բոկերիան «Վրացիների քայլերթի» անդամների նկատմամբ ճնշում են գործադրել:

«Սա չի լինի նախորդ ակցիաների նման, որոնք ավելի շատ դիետայի էին նման: Սա կլինի 1981 թվականի իռլանդացի հայրենասերների ակցիայի նման՝ «մահացու հացադուլ», որի պատճառով, ցավոք սրտի, տասը իռլանդացի զոհվեց»,- հայտարարել է Սանդրո Բրեգաձեն:

Հիշեցնենք որ, «Ռուսթավի 2» հեռուսաընկերության մոտակայքում ոստիկանները ձերբակալել էին «Վրացիների քայլերթի» անդամներին: Նրանք բողոքում էին «Ռուսթավի 2» հեռուսաընկերության լրագրող Գիորգի Գաբունիայի կողմից եթերում արված հայտարարության կապակցությամբ:

Թողնել պատասխան