«ՄԱՇ»-ն ու «Եվրոպական Վրաստան»-ը՝ նույն խմբակցությունում

Վրաստանի Գուրիայի շրջանի Չոխատաուրիի սակրեբուլոյում նոր խմբակցություն է ձևավորվում` «Միացյալ ընդդիմություն հանուն Չոխատաուրիի» անվամբ։ Նոր խմբակցության անդամ կուսակցություններն են երկու խոշոր ընդդիմադիր ուժերը՝ «Միացյալ ազգային շարժում»-ն ու «Եվրոպական Վրաստան»-ը:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության մամլո խոսնակ Իրակլի Կիկնավելիձեի խոսքով, իրենք պատրաստ են միասին պայքարել «Վրացական երազանք»-ի դեմ:

«Մենք արդյունավետ ենք համարում «Վրացական երազանք»-ի դեմ ժողովրդավար կուսակցությունների համագործակցությունը: Պատրաստ ենք համագործակցել նաև այլ ուժերի անդամ ակտիվ քաղաքացիների հետ, իհարկե, եթե նրանք կիսեն մեր հայացքներն ու սկզբունքները՝ լրացնելով մեր շարքերը»,-հայտարարել է Կիկնավելիձեն:

Հիշեցնենք, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Միացյալ ազգային շարժում»-ից մի խումբ գործիչներ հեռացան՝ հիմնելով «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Վերջիններս խորհրդարանում 21 մանդատ ունեն: Իսկ 2017 թվականի ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացան ձայների 10.4 տոկոսը:

Թողնել պատասխան