Օզուրգեթի-Թբիլիսի գնացքում հրդեհ է բռնկվել։ Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ իրենց ուղարկված լուսանկարներում և տեսանյութերում ծուխ է երևում։
Ըստ տեղեկության՝ ուղևորներին ստիպել են դուրս գալ գնացքից։ Ուղևորներից մեկը պատմել է, թե իրենց ասել էին, որ լույս չկա, դրա համար են կանգ առնում, բայց կարճ ժամանակ անց ուղևորները ծուխ են նկատել: Գնացքը կանգ է առել Ագարայի մոտ։
Տեղեկությունն ավելի ուշ հաստատել է նաև «Վրացական երկաթուղիներ»-ը՝ գրելով, որ տուժածներ չկան։ Նրանց խոսքով՝ լրացուցիչ գնացքը ճանապարհին է։
«Գոմի-Ագարա անցակետում հրդեհ է բռնկվել Օզուրգեթի-Թբիլիսի գնացքի վագոններից մեկում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ուղևորները ժամանակին տարհանվել են, և «Վրացական երկաթուղիներ»-ը ներկայումս աշխատանքներ է տանում ուղևորներին այլընտրանքային տրանսպորտով տեղափոխելու համար, իսկ լրացուցիչ գնացքը ճանապարհին է: Հետաքննություն է տարվում պատճառը պարզելու համար», — ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։