«Ալտ-Ինֆո»-ի առաջնորդները խորհրդարանին խնդրում են օրենքով արգելել ԼԳԲՏ ցույցերը

Հոմոֆոբ և ռուսամետ քաղաքական «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև որպես «Ալտ-Ինֆո», երկրում LGBT ցույցերն արգելելու օրենսդրական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանի խորհրդարանին։ Փաստաթուղթն օրենսդիր մարմին է ուղարկվել 2022 թվականի նոյեմբերի 11-ին։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են նշված կուսակցության առաջնորդներ Գիորգի Քարդավան, Զուրաբ Մախարաձեն, Իրակլի Մորգոշիան, Շոթա Մարտինենկոն և Կոնստանտին Մորգոշիան, սակայն նրանք դիմումը խորհրդարանին են ներկայացրել «25 հազար համախոհների» անունից։

«Անհրաժեշտ է օրենքով արգելել նման հրապարակային ցույցերն ու միջոցառումները»,- գրել են օրենսդրական նախաձեռնության հեղինակները։

Նրանք խնդրել են այդօրինակ ցույցի մասնակցին տուգանել 3 000 լարիի չափով կամ ազատազրկել 25 օր ժամկետով, իսկ կազմակերպչի դեպքում ավելի խիստ վարվել՝ 5 հազար լարի տուգանք կամ 30 օր ազատազրկում։

Հիշեցնենք. 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում  նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվեց անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը ծայրահեղական խմբերի դրսևորած վարքագիծն էր՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշը պատռելու դեպքեր: