51,5 մլն. ինչպես է ծախսելու Ախալցիխեի մունիցիպալիտետը 2024–ին

Հունվարի 30-ին Ախալցիխեի մունիցիպալիտետի սակրեբուլոն (քաղաքային խորհուրդ) փոփոխություններ է կատարել 2024 թվականի բյուջեում՝ հստակեցնելով մունիցիպալիտետի 2024–ի ծախսերը։ «Ալիք Մեդիա»-ն որոշել է ուսումնասիրել բյուջեի հիմնական ցուցանիշները՝ ուշադրություն հրավիրելով մի քանի հետաքրքիր փաստի վրա։

Ընթացիկ տարում Ախալցիխեի մունիցիպալիտետի հատկացումները գերազանցում են 51 մլն լարին, 43,5 մլն լարին կհատկացվի Ախալցիխեի սեփական եկամուտներից, իսկ մնացած 8 մլնը՝ պետբյուջեից։

Հատկանշական է, որ պետ​​բյուջեից հատկացվող միջոցները գրեթե ամբողջությամբ գոյանում են ոչ ֆինանսական ակտիվների աճից։

Այստեղից 7,1 մլն լարին կուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը։ Դրա մի մասը, մասնավորապես՝ 5,36 մլն լարին, պետք է ծախսվի նոր ճանապարհների կառուցման վրա։ Բյուջեի համաձայն՝ այս գումարը կհատկացվի Ախալցիխե քաղաքի Խանձթելի, Մթածմինդելի և Թամարաշվիլի փողոցների (587 հազար լարի), համայնքի Ածկղուրի և Թիեսելի գյուղերը կապող ճանապարհի, Ածկղուրի գյուղի 6-րդ, 7-րդ և 12-րդ փողոցների (184 հազար լարի), Ածկղուրի գյուղը և Թիսելի գյուղը կապող հիմնական ճանապարհի (1,2 մլն լարի) և Ուրավելի գյուղի եկեղեցի տանող ճանապարհի վերականգնմանը (330 հազար լարի): Բյուջեում նշվում է նաև, որ բացի թվարկված ճանապարհներից, «ֆինանսական միջոցների շրջանակներում ճանապարհների հիմնանորոգում կարող է իրականացվել քաղաքապետարանի վերահսկողության այլ ճանապարհների վրա։ Ընտրությունը կիրականացվի՝ հաշվի առնելով համայնքի և բնակչության պահանջներն ու տարվա ընթացքում առաջացող հրատապ կարիքները»։

Պետական ​​բյուջեի միջոցներից ուղղվող գումարի մնացած մասը՝ գրեթե ամբողջությամբ, տրամադրվել է բարեկարգման հոդվածին։ Այդ գումարը, մասնավորապես, նախատեսվում է ծախսել այգիների ու հրապարակների վերականգնման համար և «Գյուղի աջակցության» ենթածրագրերի շրջանակում։

Ենթակառուցվածքները հատկացումների մասով ամենամեծ հոդվածն են, որը քաղաքապետարանը հաշվի է առել սեփական եկամուտներից։ Բացի պետական ​​միջոցներից հատկացված գումարներից, մունիցիպալիտետն այս ուղղությամբ կիրառում է գրեթե 18 մլն հավելյալ գումար։ Սա նշանակում է, որ Ախալցիխեի մունիցիպալիտետը 2024 թվականին ենթակառուցվածքների զարգացման վրա կծախսի ավելի քան 25 մլն լարի՝ ընդհանուր հատկացումների գրեթե կեսը (48,6 տոկոս):

Բյուջեի մնացած միջոցները բաշխվում են հետևյալ կերպ. մունիցիպալիտետը շրջակա միջավայրի պահպանության ու մաքրման համար կծախսի 4,1 մլն լարի, կրթության ոլորտին հատկացվել է 7,8 մլն լարի, որից 5,8 մլն լարին հատկացվել է նախադպրոցական կրթությանը, ներառյալ նախադպրոցական հաստատությունների վերականգնմանը (1,6 մլն): Բյուջեի համաձայն՝ մշակույթի, սպորտի և երիտասարդության ծրագրերին կհատկացվի 5,16 մլն լարի, իսկ 2024 թվականի բյուջեով առողջապահության ծախսերի համար նախատեսված է գրեթե 2 մլն լարի:

Ինչ վերաբերում է Ախալցիխեի քաղաքապետարանի և սակերբուլոյի պահպանման համար ծախսվող միջոցներին, ապա բյուջեով նախատեսված է 7,45 մլն լարի, որից 1,9 մլն լարին ուղղված է սակրեբուլոյի պահպանմանը, իսկ 5,17 մլն լարին՝ քաղաքապետարանի:

Մեկ այլ հետաքրքիր տվյալ, որի վրա կցանկանայինք ուշադրություն հրավիրել, աշխատողների թվաքանակն է։ Բյուջեի համաձայն՝ 2024 թվականին Ախալցիխեի մունիցիպալիտետում աշխատանքի է տեղավորվելու 189 մարդ։ Այս թիվը նախորդ տարվա համեմատ պակաս է, իսկ 2022–ի  համեմատ՝ ավել։ Բյուջեում աշխատանքի փոխհատուցման համար հատկացվող գումարն ավելացել է 22 տոկոսով։

Ինչ վերաբերում է այլ ցուցանիշների նախորդ տարվա հետ համեմատությանը, ապա անցյալ տարի Ախալցիխեի մունիցիպալիտետի բյուջետային հատկացումների պլանը կազմել է 50,6 մլն լարի, իսկ այս տարի գումարն աճել է գրեթե 1 մլն լարիով։ Նախատեսված աճի 60 տոկոսը գոյանում է պետական ​​բյուջեից Ախալցիխեի մունիցիպալիտետին ուղղվող միջոցների ավելացումից։

«Ալիք Մեդիա»-ն հետագայում կվերահսկի բյուջեի կատարման ընթացքը և ընթերցողներին կտրամադրի տեղեկատվություն, թե քաղաքապետարանի գործադիր իշխանությունը որքանով է հաջողությամբ իրականացնում բյուջեի շրջանակներում նախատեսված ծրագրերը։