Վրաստանի հայերը պատասխանում են. ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոսի արձանը

Վրաստանում գործող «Լեռնաշխարհ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել` ի պատասխան Վրաստանի ադրբեջանցիների փետրվարի 8-ին անցկացրած ցույցի: ՀԿ-ն պահանջում է ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոսին նվիրված հուշարձանը: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն անփոփոխ:

«Վերջին շրջանում Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների և Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների կողմից մեծ աղմուկ է բարձրացվել Սամցխե-Ջավախքի Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման կապակցությամբ, ով ծնվել էր այդ գյուղում և գյուղացիները մեկ ամիս առաջ թարմացրեցին տասնամյակներ առաջ տեղադրված կիսանդրին։

Եթե գյուղում ծնված մարդու հիշատակը հավերժացնող հուշարձանը կարող է այդպիսի աղմուկի պատճառ հանդիսանալ, ապա մենք պահանջում ենք ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովին նվիրված հուշարձանը Մառնեուլիի շրջանի Լեժբադին գյուղում, ով Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից էր և բազմաթիվ հայեր է սպանել (այդ թվում՝ խաղաղ բնակիչներ), որի համար էլ արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը։

Մնում է միայն մեր տարակուսանքը հայտնել հակասական այն գործողությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ Վրաստանի ադրբեջանական համայնքն ու ադրբեջանցի  պատգամավորները կոչ են անում ապամոնտաժել կիսանդրին, պատճառաբանելով, որ տվյալ անձը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է՝ միաժամանակ շարունակելով Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում տեղադրել Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցների արձանները։

Խստորեն դատապարտում ենք նաև ադրբեջանական աղբյուրներից տարածվող ևս մեկ ապատեղեկատվություն, որ Միքայել Ավագյանը մասնակցել է Աբխազական պատերազմին։ Միքայել Ավագյանը Աբխազիայում աշխատել է մինչև 1990 թ-ը՝ որպես ոստիկան, ուստի չի կարող մասնակցած լինել 1992թ-ից սկսած պատերազմին։ 1990 թ-ից նա ապրել ու գործել է Հայաստանում։»,- նշված է հայտարարության մեջ: