Փոքր կիսանդրի, մեծ պատմություն․ արցախյան պատերազմի ազատամարտիկի կիսանդրու վերաբացումը շահարկումների առիթ է դարձել

Անցյալ շաբաթավերջին արցախյան պատերազմի մասնակցի արձանի վերաբացումը Ջավախքում հերթական մեդիագրոհի առիթ է դարձել Վրաստանում և Ադրբեջանում։

Նախօրեից վրացական մամուլում ակտիվորեն շրջանառվում է Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման փաստը: Ավագյանը եղել է Մեղրիի ջոկատի հետախուզական վաշտի հրամանատարը, զոհվել է Սիսիանում, իսկ գյուղում նրան հերոս են համարում:

Կիսանդրու բացման արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանության դիվանագետների հետ, տեղի կառավարության անդամներ և այլք:

Սակայն փոքր կիսանդրին մեծ պատմության պատճառ դարձավ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ «Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրանից պահանջել են շտապ միջոցներ ձեռնարկել` վերացնելու տվյալ փաստը, որը չի համապատասխանում երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն»:

Վերջիններս հայտարարել են նաև, որ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովն իր հերթին հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳՆ-ում և փոխանցել Բաքվի բողոքը:

Այս իրադարձությունն ակտիվ շրջանառվեց նաև վրաստանյան լրատվամիջոցներում, որոնք այն ներկայացնելիս հիմնականում հղում են անում ադրբեջանական աղբյուրների վրա՝ փաստացի ապատեղեկատվություն տարածելով ու նշելով, թե կիսանդրին բացվել է այս տարի: Իրականում, Բուղաշենի գյուղապետի խոսքով Միքայել Ավագյանի կիսանդրին տեղադրվել է դեռևս 1994 թվականին և հիմա ընդամենը վերանորոգվել ու վերաբացվել է:

Վրաստանյան «Ռուսթավի 2-ը»  հրապարակել է Ջեյհուն Մուհամեդալիի հեղինակած հոդվածը՝ «Վրաստանը և Ադրբեջանը դիվանագիտական սկանդալի շեմին՝ Ղարաբաղի պատերազմի մասնակցի պատվին Ախալքալաքիում արձան են դրել» վերնագրով:

Հոդվածում ներկայացվում է Ադրբեջանի տեսակետն ու նշվում, որ կիսանդրին տեղադրելը մեծ վրդովմունք է առաջացրել Բաքվում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ հանրության շրջանակներում: Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին ՝ իրենց համար «ամենից ծանր օրը․ այդ օրը նրանք սգում են 1990-ականներին երկրի միասնականության համար զոհված հերոսների հիշատակը: Այն արյունարբու իրադարձությունների ժամանակ զոհվել է 134 մարդ»,- նշված է հոդվածում:

Հոդվածում նաև նշված է, որ միջոցառումը տեղի է ունեցել վրաստանյան իշխանությունների հետ համաձայնեցված, ներկա է գտնվել նաև «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը և «Հայրենասերների դաշինք» կուսակցության սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

Սրանից բացի, «Ռուսթավի 2-ը» հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է ազգությամբ ադրբեջանցի անձանց հետ հարցազրույցներ: Ադրբեջանական սփյուռքի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թողրուլ Ալահվերդիևի խոսքով «Ավագյանը ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայտնի էր «կոբրա» անվամբ: Ադրբեջանցի երեխաներին ու կանանց էր սպանում և այսօր Վրաստանում նրա կիսանդրին են տեղադրում: Սա անընդունելի է»:

Այլ խնդիր է սոցիալական ցանցերում հրապարակված հոդվածների ներքո օգտատերերի կողմից գրված հայատյաց մեկնաբանությունները: Օգտատերերը մեղադրում են Միքայել Ավագյանին Բաղրամյանի գումարտակի անդամ լինելու մեջ (վրաց-աբխազական պատերազմի օրերին ձևավորված աբխազահայության ջոկատ, որը` ըստ առավել ծայրահեղականների, «վրացիների ցեղասպանություն է իրականացրել»):

Վրացագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ դեռևս տարիներ առաջ տեղադրված արձանից մեծ պատմություն սարքելն ադրբեջանական հակահայկական քարոզչության հերթական քայլն էր, ինչը Վրաստանում խելացիորեն ներկայացրին՝ կապելով Աբխազիայի հետ՝ հասկանալով և իմանալով, որ վրաց հասարակության թույլ տեղն է։

«Իմ կարծիքով այս քայլն իրենց հաջողվեց, քանի որ լայն քննարկման առիթ դարձավ։ Կարելի է ասել, որ վրացական կողմն այս քարոզչության զոհը դարձավ, քանի որ ճշտումներ չեղան, որ արձանը նախկինում էլ է եղել ու որևէ աղմուկի պատճառ չկա։ Սա պարզապես Ադրբեջանի կողմից հարաբերությունները լարելու հերթական փորձն էր, իրենց դուր չեն գալիս հայ-վրացական հարաբերությունների վերջին զարգացումները։ Հատկանշական էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակման հենց երկրորդ օրն այցելությունը Վրաստան, որն անսպասելի էր ինչպես Վրաստանի ու Հայաստանի համար, սակայն շոկային էր Ադրբեջանի համար»,-«Ալիք մեդիային» ասում է փորձագետը։

Ըստ Մելիքյանի՝ Ադրբեջանը պարզապես իրավունք չունի երրորդ երկրի խնդիրներին խառնվել․ «Վրաստանն անկախ, սուվերեն պետություն է, ինքը պետք է որոշի ինչ անել, հետևաբար, Ադրբեջանի կողմից շատ բացասական քայլեր արվեցին»։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների, մասնավորապես ընդդիմադիր «Ռուսթավի 2-ի» արձագանքին, ըստ Մելիքյանի՝ հասկանալի է նման նյութերի հրապարակման պատճատը, քանի որ ի վերջո տարածաշրջանի պատգամավորները, որոնք ներկա են եղել միջոցառումներին, իշխող կուսակցությունների անդամներ են, ու նման հրապարակումներով հերթական անգամ աջակցում են ոչ միայն ադրբեջանցինցերին, այլև հակաիշխանական միտումներ կան նաև։