Վրաստանի կառավարությունը փոխել է գաղտնի ակտերի ընդունման կարգը

Վրաստանի կառավարությունը փոփոխություն է կատարել կանոնակարգում, ըստ որի` փոխվել է պետական գաղտնիքին առնչվող իրավական ակտերի ընդունման կարգը։

Պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշման համաձայն՝ հատուկ որոշման դեպքում կառավարությունն այսուհետ կկարողանա գաղտնի փաստաթղթերը հաստատել նաև կառավարության նիստում քննարկման կամ «Էլեկտրոնային կառավարություն» հատուկ ներքին համակարգային ծրագրի շրջանցմամբ։

Մասնավորապես, փոփոխության համաձայն՝ եթե առկա է վարչապետի կամ կառավարության աշխատակազմի ղեկավարի որոշումը, պետական գաղտնիք պարունակող օրինագիծը կամ ակտը կարող է ընդունվել կառավարության անդամների հետ անմիջական համաձայնեցմամբ, այսպես կոչված` «թաց ստորագրության» հիման վրա։

Այսպիսի կարգով որոշում կայացնելու անհրաժեշտ պայմանն այն է, որ կառավարության անդամները փաստաթղթին կողմ արտահայտվեն կանոնակարգով նախատեսված ձայների նվազագույն քանակով։

Հին կանոնակարգով՝ պետական գաղտնիքին դասվող հարցերը կառավարությունը քննարկում և ընդունում էր ընդհանուր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ նոր փոփոխությունը թույլ է տալիս ընթացակարգի պարզեցված, այլընտրանքային մոդել։

Փոփոխությունը, որը ստորագրել է վարչապետը, ուժի մեջ է մտել հրապարակման պահից։