Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հավաստիացնում է, որ նախկին ՊԱԾ ղեկավար Մամուկա Մդինարաձեին պետական պահպանությունից զրկելու որոշումը հիմնված է եղել համապատասխան ծառայության հանձնարարականի վրա։
Ինչպես նա հայտարարել է լրագրողներին, Պետական պահպանության հատուկ ծառայությունը համարել է, որ պահպանության անհրաժեշտության համար սպառնալիքի համապատասխան աստիճան չի եղել։
«Ինչ վերաբերում է պետական պահպանությանը, նման հարցերը քննարկում է Պետական պահպանության ծառայությունը, և ամեն ինչ որոշվում է սպառնալիքի աստիճանին համապատասխան։ Այս դեպքում Պետական պահպանության ծառայությունը համարել է, որ սպառնալիքի համապատասխան աստիճան չի եղել։ Պարբերաբար այս որոշումը կարող է վերանայվել, տվյալ դեպքում սա եղել է ծառայության հանձնարարականը։ Բարեկամությամբ պետական պահպանություն չի նշանակվում, դա Պետական պահպանության ծառայության հանձնարարականն էր, և մենք հաշվի առանք այն»,- նշել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Իրակլի Կոբախիձեի կողմից սույն թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 8-ի №2078 կարգադրությունը, որով Մամուկա Մդինարաձեին պահպանություն էր նշանակվել։ Սկզբնական փաստաթղթով նա պետական պահպանություն պետք է ունենար մինչև 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Նոյեմբերի 20-ի կարգադրության մեջ որոշման կայացման կոնկրետ պատճառները նշված չեն։