Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։
Ընտրություններից վեց ամիս առաջ Երևանն ինքն է դիմել Եվրամիությանն օգնության խնդրանքով՝ ընտրություններին օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։
2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելը որոշել է այս նպատակով Երևանին հատկացնել 12 միլիոն եվրոյի աջակցություն։
Այնպիսի խումբ, ինչպիսին Եվրամիությունն ուղարկում է Երևան, նախկինում ուղարկել էր նաև Մոլդովա` 2025 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, որից հետո արևմտամետ ուժերը՝ նախագահ Մաիա Սանդուի գլխավորությամբ, պահպանեցին իշխանությունը։
Պատգամավորական մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ։ Նրանց թվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարար Սամվել Կարապետյանի նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը» և գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»։
Մասնավորապես, քաղաքական ուժերը քվեաթերթիկներում ներկայացված են հետևյալ համարների ներքո.
1. Ռեֆորմիստների կուսակցություն (առաջին համար և վարչապետի թեկնածու՝ Վահան Բաբայան)
2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Սպարտակ Կյուրեղյան)
3. «Ուժեղ Հայաստան» դաշինք («Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Հայաստանը ես եմ»), (Սամվել Կարապետյան)
4. Հայաստանի արժանապատվության (Շնորհապետական) կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
6. «Միասնության թևեր» կուսակցություն (Արման Թաթոյան)
7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան)
8. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն (Վարուժան Ավետիսյան)
9. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն (Արտակ Սարգսյան)
10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Լևոն Զուրաբյան)
11. «Հանրապետություն» կուսակցություն (Արամ Սարգսյան)
12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)
14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան)
15. «Ժողովրդավարություն, օրենք, կարգապահություն» (ԺՕԿ) կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան)
17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ ՀՅԴ «Դաշնակցություն», «Առաջ» աջ կենտրոնամետ կուսակցություն (Ռոբերտ Քոչարյան)
18. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն (Արման Բաբաջանյան)
19.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան)։
Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին շրջանում ռազմավարական և տնտեսական նոր մակարդակի են հասնում։ Միայն 2026 թվականի առաջին չորս ամսվա տվյալներով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ աճել է 36%-ով՝ կազմելով 308 միլիոն դոլար, ինչը Հայաստանին դարձնում է Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերներից մեկը։ Այս սերտ տնտեսական ու քաղաքական կապերի համատեքստում Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները ձեռք են բերում առանձնահատուկ կարևորություն ողջ տարածաշրջանի համար։
Վրաստանցի քաղաքագետներն ու փորձագետներն ակտիվորեն արձագանքում ու գնահատում են Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները։ Նրանց վերլուծությունների կենտրոնում է այն հարցը, թե ընտրությունների արդյունքներն ինչպիսի ազդեցություն կունենան Վրաստանի վրա, և ինչպես կփոխվի տարածաշրջանային անվտանգության պատկերը։ Վրացի փորձագետները շեշտում են, որ Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումը ուղղակիորեն բխում են Վրաստանի շահերից, քանի որ երկու հարևան պետությունների տնտեսական հաջողություններն ու արտաքին քաղաքական վեկտորները սերտորեն փոխկապակցված են։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ այսօր Հայաստանը տարածաշրջանի համար Եվրոպայի և Ամերիկայի հետ կապող երկիր է և ժողովրդավարության կղզյակ է։
«Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Հայաստանի համար: Դրանք պակաս կարևոր չեն նաև Վրաստանի համար։ Այսօր Հայաստանը մեր տարածաշրջանի համար հանդիսանում է Եվրոպայի և Ամերիկայի հետ կապող երկիր, և Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է, որտեղ հնարավոր են մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական նորմերի արմատավորումը։
Բազմաթիվ վրացիներ հույսով են նայում այնտեղի ընտրություններին, քանի որ ժողովրդավարական ու եվրոպական Հայաստանը կարևոր քայլ է Վրաստանի՝ դեպի Եվրոպա տանող ճանապարհին, և մենք ուժեղացնում ենք միմյանց։ Տարածաշրջանային նախագծերի և խաղաղության հաստատման համար նույնպես անհրաժեշտ է, որ տարածաշրջանում լինի ավելի շատ Եվրոպա ու ինտեգրում Արևմուտքի հետ»,— նշեց հանրային նախկին պաշտպանը, հավելելով՝ Հայաստանում և Վրաստանում ռուսական ազդեցությունների նվազեցումն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղ ու կայուն զարգացման ապահովման հետ։
Ըստ միջազգային հարաբերությունների փորձագետ, նախկին դիվանագետ Զուրաբ Փարջիանիի՝ սա գործնականում ընտրություն է Ռուսաստանի և Հայաստանի միջև։
«Չափազանց կարևոր ընտրություններ են տարածաշրջանի համար, հատկապես այն ամենի ֆոնին, ինչ Ռուսաստանն անում է վերջին շրջանում, այդ թվում՝ հայկական արտադրանքի արգելքը և այս հայտարարությունները Փաշինյանի ու Հայաստանի հասցեին։
Սա գործնականում ընտրություն է Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Հայաստանի բնակչությունը պետք է ընտրի կամ Ռուսաստանը, կամ Հայաստանը, և ես չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ մեկտեղ երկիրը կարող է որևէ ապագա ունենալ։ Դա հաստատում է անկախության հռչակումից ի վեր Հայաստանի գոյության ողջ պատմությունը, երբ Ռուսաստանը ո՛չ հուսալի դաշնակից եղավ և ո՛չ էլ որևէ այլ բան։
Այստեղից հետևելով՝ անկեղծորեն կարծում եմ, որ Հայաստանը չունի այլ ընտրություն, քան հենց ինքը՝ Հայաստանը, իսկ այնուհետև՝ Եվրոպան ու Եվրամիությունը։
Բնականաբար, Հայաստանը Վրաստանի հարևան երկիրն է, և այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները միշտ ազդեցություն են ունենում Վրաստանի վրա»,— «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց դիվանագետը` հավելելով, որ հենց ընտրությունների արդյունքից է կախված թե’ Հայաստանի, թե’ Վրաստանի ապագա զարգացումները։
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին իր ֆեյսբուքյան էջում ևս արձագանքել է ՀՀ առաջիկա ընտրություններին` գրելով.
«Հայաստանում ընտրություններին հաշված օրեր են մնում, իսկ ռուսական ճնշումն ավելանում է։ Կրեմլը կիրառում է ճիշտ նույն սցենարը, որը մենք՝ վրացիներս, անգիր գիտենք, և որից բավականին հոգնել ենք։
Տնտեսական ճնշում և հարկադրանք։ Մոսկվան օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր տնտեսական լծակները՝ Եվրասիական տնտեսական միությունից վտարելու սպառնալիք, գազի արտոնյալ սակագնի չեղարկում, հայկական մրգերի, բանջարեղենի, ծաղիկների և կոնյակի ներմուծման սահմանափակումներ։ Ծանոթ ձեռագիր է՝ ճիշտ այսպես էր Ռուսաստանը տարիներ շարունակ սպառնում մեզ։ Ոչ մի նոր բան, նույն դասագիրքն է և նույն դասը մեզ համար՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը կործանարար է…
Հայաստանի ընտրությունները մեր ընդհանուր պայքարի մի մասն են՝ ինքնիշխան ժողովրդի իրավունքը՝ ինքնուրույն ընտրելու սեփական ապագան, չդառնալու Մոսկվայի խամաճիկը և չմասնակցելու ռուսական պատերազմներին։
Սիրելի՛ հարևան, հաջողություն եմ մաղթում ձեզ. Ռուսաստանից ազատագրվելու ձեր պայքարը նաև մեր պայքարն է։ Ռուսաստանի կիրառած հարկադրանքի ու ստրկացման փորձերը ամենուր նույնն են. չպետք է հնազանդվել, այլապես ստիպված կլինեք հարյուրապատիկ գին վճարել։
Կեցցե՛ ազատ, ժողովրդավարական և եվրոպական Հայաստանը»։
Վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլին նույնպես ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին.
«Իրականում այս ընտրությունները աշխարհաքաղաքական հանրաքվե են Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Մի կողմում Փաշինյանի արևմտամետ կուսակցությունն է, իսկ մյուս կողմում՝ 3 ռուսական կուսակցություն։ Ակնհայտ է, որ Արևմուտքը (ԱՄՆ, Եվրոպա) բացահայտորեն աջակցում է Փաշինյանին և նրա քաղաքական կուսակցությանը, որոնց գլխավոր նպատակն է անշրջելի դարձնել Հայաստանի արևմտյան զարգացման ուղին։ Թուրքիայի և Ադրբեջանի համար նույնպես Փաշինյանն ընդունելի է…
Ընտրությունների արդյունքները կարևոր են նաև մեզ համար։ Մենք, անշուշտ, երկրպագում ենք արևմտամետ Հայաստանին։ Ցանկանում ենք հարևանությամբ ունենալ ժողովրդավարական Հայաստան և ոչ թե Ռուսաստանի արբանյակ։ Բացի դրանից, Հայաստանն առանձին վերցրած չի կարող լինել եվրոպական կղզի տարածաշրջանում։ Արևմուտքի համար Հայաստանի հետ ֆիզիկապես կապվելու նպատակով կմեծանա ժողովրդավարական Վրաստանի նշանակությունը։ Հաղթանակ մաղթենք հայ ժողովրդին այս վճռորոշ ընտրություններում»։
Այսպիսով, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները հասարակական-քաղաքական դիսկուրսում ընկալվում են բավականին տարբեր և երբեմն հակադիր տեսանկյուններից։
Փորձագիտական ու քաղաքական շրջանակների մի մասը սույն ընտրությունները որակում է որպես պատմական և աշխարհաքաղաքական ընտրություն՝ միտված դեպի արևմտյան վեկտորի ամրապնդում, ինչը, ըստ նրանց, հնարավորություն կտա մեծացնելու երկրի ինքնիշխանությունն ու տարածաշրջանային անվտանգության նոր երաշխիքներ ձեռք բերելու։
Մյուս կողմից, ընդդիմադիր ուժերն ու այլ վերլուծաբաններ քննադատում են գործող իշխանությունների արտաքին քաղաքական կուրսը՝ դա համարելով սպառնալի և ռիսկային։